«Մարդիկ թվերի առումով երբեմն խնամքով չեն վերաբերվում ու սովորույթի սկզբունքով են ասում»,- ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 62-ամյակի կապակցությամբ Եռաբլուր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը` անդրադառնալով այն հայտարարություններին, որ մենք վերջին 30 տարիներին բանակ չենք ունեցել:
Նա մանրամասնեց. «Եթե նման բան ասող մարդկանց ասեինք, որ եթե բանակ չունեինք, 1994-ին ինչպե՞ս եղավ՝ Ադրբեջանը պարտադրված եղավ հաշտության փաստաթուղթ ստորագրել, այդ մարդիկ կասեն՝ այո, ճիշտ եք ասում»:
Լրագրողները փաստեցին՝ դա ասում է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և հարցրին՝ մի՞թե նա տեղյակ չէ բանակից, Արամ Սարգսյանը վրդովվեց. «Ո՞վ է ասում՝ տեղյակ չէ: Այդ ի՞նչ խնդիր է, որ տեղյակ չէ: Սասուն Միքայելյանը 1994 թվականի հաշտության համաձայնագիր կնքելու և այդ հաղթանակը բերելու գործում իր անձնական լուրջ ներդրումն ունի: Չեմ հասկանում Ձեր հարցը բզբզելու, կամ հրահրելու ինչ ենթատեքստ ունի»:
Լրագրողները հիշեցրին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն է տարածել, որով պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, որին միացել են 40-ից ավելի գեներալներ, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Նախ քառասունն ինչ- որ թվի հետ է ասոցացվում ու քառասուն էլ չէ իրականում: Համոզված եմ՝ Սահմանադրության 14-ր հոդվածն ամրագրում է, որ բանակը քաղաքական գործընթացներին չպետք է խառնվի: Այս առումով ողջամիտ չէ բանակի միջամտությունը: Ես երբեք էլ չեմ ողջունել բանակի միջամտությունը քաղաքական գործընթացներին: Նույն մարտի 1-ին, երբ բանակը միջամտեց, բանակին հրահանգ տվողը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ: Երկու օր հետո է իմացել, որ Միքայել Հարությունյանն ինքնագլուխ է արել, այն դեպքում, երբ Միքայել Հարությունյանը Թիֆլիսում էր: Նրան ինչում ասես կարելի է մեղադրել, բայց ոչ դրանում: Այս դեպքում էլ տեսնում եմ մարդկանց, ովքեր բզբզում են, տեսնում եմ նրանց՝ հեղափոխության հանդեպ հակվածությունը, Երևանում զորքեր տեսնելու հակվածությունը: Գտնում եմ, որ դա որևէ լավ բանի չի բերի: Նույն կերպ Օնիկ Գասպարյանը կընկնի նույն կարգավիճակում, ինչում հայտնվեց Միքայել Հարությունյանը: Ընդհանրապես այս կյանքի օրենքն է՝ ինչ ցանես, նա էլ հնձելու ես: Եթե հեղափոխություն ես ցանում, չարություն, վրեժխնդրություն, դա էլ հնձում ես»:
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ իշխանությունը պնդում է, որ գեներալիտետը բանակը չէ, նա հորդորեց այդ հարցը տալ իշխանությանը, քանի որ նա, իր բնութագրմամբ, իշխանության մամուլի խոսնակը չէ, ոչ էլ կարող է վստահորեն ասել, որ իշխանությունը նման բան պնդել է:
Հարցին՝ եթե Վազգեն Սարգսյանը լիներ, ի՞նչ կաներ այս իրավիճակում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Վազգենի պարագայում ղեկավարությունը չէր կարող տարաձայնություն ունենալ ռազմական ղեկավարության հետ»:
Ըստ Արմեն Սարգսյանի՝ ԳՇ հայտարարությունն արդեն քաղաքական գործընթացներին միջամտել է, ինչն օրենքով արգելված է: «Ի՞նչ է նշանակում՝ դա փո՞րձ է, թե» ոչ: Եթե փորձը չի հաջողվում, դատվում են, եթե հաջողվում է, դա արդեն ռազմական հեղաշրջում է: Հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է: Բարեբախտաբար, դա չի վերածվել տանկեր քաղաքներ իջեցնելու: Եթե դա լիներ, արդեն կլիներ ռազմական հեղաշրջման իրացում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ