Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյան․ «Երբ իշխանության գան մարդիկ, որոնք ունեն անձնական հարաբերություններ այս կամ այն երկրի ազդեցիկ շրջանակների հետ, գերիների վերադարձի հարցը կկարողանան լուծել մի քանի օրում»

Մարտ 05,2021 17:27

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի, Քոչարյանը Վանեցյանի ավելի վաղ արած հայտարարությունը՝ մեր գերիների վերադարձը մի քանի օրվա հարց է, եթե ինքը լինի իշխանության, քաղաքական շահարկում է։

Արթուր Վանեցյանը պատասխանելով Անդրանիկ Քոչարյանին, ասաց․ «Այս իշխանությունները, որոնք պարտվել են պատերազմում, որոնք Ադրբեջանի հետ ստորագրել են նվաստացուցիչ կապիտուլյացիոն պայմանագիր, որոնք չեն կարողանում ներկայացնել ՀՀ եւ ՀՀ ժողովրդի շահերը, ուղղակի չունեն որեւէ հնարավորություն ո՛չ բարոյական, եւ ո՛չ էլ իրավական, եւ որեւէ մեկ այլ հնարավորություն՝ լուծելու գերիների հարցը»։

Պարոն Վանեցյանը դարձյալ պարզաբանեց նախկինում արած իր այդ հայտարարությունը․ «Ես ասում եմ՝ իշխանափոխության դեպքում, նոր իշխանությունները կկարողանան այլ դիրքերից խոսել Ադրբեջանի իշխանությունների հետ եւ շատ կարճ ժամանակում, մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի վերադարձնել մեր գերիներին։ Այն կեղծ պնդումները, որ այս իշխանությունը տարածում է, թե գերիների վերադարձին խանգարում են ընդդիմադիրների բողոքի ցույցերը, ուղղակի ստոր, կեղծ պնդում է, որպեսզի որեւէ կերպ կարողանան իրենց անկարողության մեղքը բարդեն ինչ-որ մեկի վրա։ Նրանք ուղղակի չեն կարողանում ներկայացնել ՀՀ շահերը։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ նշել, այո, իշխանափոխության պարագայում, երբ իշխանության կգան ազգային ուժեր, ՀՀ շահերը պաշտպանող ուժեր, եւ մարդիկ, որոնք ունեն նաեւ անձնական հարաբերություններ ձեւավորելու հնարավորություն կամ ունեն անձնական հարաբերություններ այս կամ այն երկրի ազդեցիկ շրջանակների հետ, կկարողանան մի քանի օրվա ընթացքում լուծել մեր գերիների վերադարձի հարցը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել