Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները լավ էլ կապ ունեն մարդու իրավունքների հետ»․ ՄԻՊ-ը՝ Սյունիքում շրջող ադրբեջանցիների մասին

Մարտ 05,2021 17:15

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գնահատմամբ՝ այս օրերին մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են Ադրբեջանի այն սադրանքները, որոնք միտված են Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների` հատկապես երեխաների իրավունքների ոտնահարմանը։ «Հատուկ եմ նշում՝ ադրբեջանական զինված ծառայողները հայտնվում են Սյունիքի մարզի համայնքները կապող ճանապարհներին։ Այն զինված ուժերի ծառայողների մասին է, որոնք ամիսներ առաջ խոշտանգում ու սպանում էին մեր զինվորներին։ Երբեմն մեր մասնագիտական կամ պետական մարմինները պատճառաբանում են, թե դրանք սահմանապահ զորքեր են։ Դա հասկանալի է, բայց խնդիրը համատեքստում՝ էթնիկ ատելության քաղաքականության մեջ պետք է դիտել։ Սա է չափանիշը, ոչ թե այն հանգամանքը՝ դրանք սահմանապա՞հ են, թե ոչ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Արման Թաթոյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի միջհամայնքային ճանապարհներին ադրբեջանական դրոշների եւ ցուցանակների առկայությանը, Արման Թաթոյանը նշեց՝ հարցադրումներ են եղել այն մասին, թե դրանք ինչ կապ ունեն մարդու իրավունքների հետ․ «Լավ էլ կապ ունեն, որովհետեւ դրանց հարցերն օգտագործելով՝ Ադրբեջանն իր զինված ուժերի ծառայողներին տեղակայում է դրանց մոտ, որպեսզի հսկելու պատրվակ ունենան, իբր թե պահպանեն։ Մնացել էր գային ու «սրբորեն» պաշտպանեին իրենց ցուցանակները։ Սա օգտագործվում է զինված ուժերի շարժի համար։ Իսկ բնակիչները երեկոյան ժամերին անգամ խուսափում են հիվանդանոց գնալ՝ ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով։ Բացի այդ, ճանապարհի այն հատվածներում, որոնք այսպես կոչված «ադրբեջանական» են, հայկական կամ իրանական մեքենաների բախման դեպքում ի՞նչ է լինելու։ Ընդ որում, հորդորում են արագ երթեւեկել, որպեսզի ադրբեջանցի զինվորականները չմտածեն, թե սադրանք կարող է լինել։ Այս ամենը վկայում է, որ այս փուլում պետք է լինի ապառազմականացված գոտի, քանի դեռ նման խնդիրները կարգավորված չեն»։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին հայեցակարգ՝ հաշվի առնելով պատերազմից հետո Սյունիքի սահմանազատման գործընթացում առկա խնդիրներն ու բնակիչների իրավունքների ոտնահարումներն ադրբեջանցի զինվորականների կողմից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031