Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցչի օգնականի ինստիտուտը ներդրվում է առանց կարիքների ճիշտ գնահատման». դպրոցի կառավարման խորհրդի անդամ

Մարտ 05,2021 17:07

ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Համաձայն օրենքի՝ մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վանո Կարապետյանը փաստեց, որ 2020թ. սեպտեմբեր 1-ից ՀՀ Գեղարքունիքի մարզը անցել է համընդհանուր ներառական կրթության:

«2020թ. նոյեմբերի վերջից մինչ օրս Գեղարքունիքի մարզի բոլոր 125 դպրոցներում պարտադիր ներդրվելու է ուսուցչի օգնականի ինստիտուտը։ Ուսուցիչների օգնականների հաստիքների քանակը դպրոցներում բաշխվում իրավական մեխանիզմով, որի հիմքը աշակերտների թվաքանակն է, օրինակ՝ ըստ աշակերտների թվաքանակի ուսուցիչների օգնականների հաստիքները մեկ դպրոցում կարող են լինել 1-ից մինչև 6-ը։ Ուսուցչի օգնականների պաշտոնային պարտականությունները, գրեթե լրիվությամբ կրկնում են դասղեկների եւ ուսուցիչների պարտականությունները»,-նշեց մեր զրուցակիցը։

«Եթե նույնիսկ ընդունենք, որ ուսուցչի օգնականի ինստիտուտի ներդրումը իրականացվում է մարզի կրթական համակարգի՝ համընդհանուր ներառական կրթության անցման կոնցեպտի շրջանակներում, մեկ է` լոգիստիկ եւ ֆինանսատնտեսական առումով դա չարդարացված ծախս է, քանի որ ուսուցչի օգնականի ինստիտուտը ներդրվում է առանց կարիքների ճիշտ գնահատման։

Այսօր ուսուցիչը համարվում է աշխատող աղքատ, ավելի ճիշտ կլիներ ուսուցիչների օգնականների հաստիքների համար նախատեսված գումարները ծախսեին դասղեկների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման վրա, իսկ ուսուցիչների օգնականների վերապատրաստման վրա ծախսվող գումարները ուղղեին ուսուցիչների և դասղեկների՝ ներառական կրթության շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը»,-կարծում է Լիճքի հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամը:

Նրա համոզմամբ՝ կարելի է մշակել մի մոդել ըստ որի, եթե օրինակ, համայնքում կա մեկից ավելի դպրոց, ապա միայն մեկին տրվի ներառական կարգավիճակ եւ ուսուցչի օգնականի ինստիտուտը ըստ այդմ ներդրվի։

«Իմ առաջարկած մոդելով կխնայվեին պետական միջոցները, ներառական խնդիրներ ունեցող բոլոր երեխաները կընդգրկվեն համընդհանուր ներառման կոնցեպտի մեջ, կկատարվեր կարիքների ճիշտ գնահատում»,-ասում է Վանո Կարապետյանը։

«Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը փորձում է մեխանիկորեն՝ առանց կարիքների ճիշտ գնահատման, ներդնել մի ինստիտուտ, որն իբր թե ներդրվում է միջազգային փորձի ուսումնասիրման եւ տեղայնացման միջոցով։ Ուսուցչի օգնականի հաստիքի համար սահմանված կրթական ցենզը և աշխատանքի ընդունման կարգը ունի լրջագույն օրենսդրական բացեր, որը կոռուպցիոն մեխանիզմների կիրառման տեսակետից շատ արդյունավետ է։

Լավագույն ապացույցը «ԽԾԲ»-ների հովանավորչությունն է՝ լիազոր մարմնի և դպրոցների տնօրենների կողմից, ուսուցիչների օգնականներին աշխատանքի ընդունելու ժամանակ: Երեւանում և ՀՀ մի շարք մարզերում արդեն 2-3 տարի է ինչ ներդրվել է համընդհանուր ներառման կոնցեպտը, սակայն ըստ մասնագիտական հանրույթի կարծիքի՝ չկա որևէ դրական արդյունք։ Եվ ի վերջո, կրթական համակարգի արդյունավետության բարձրացումը ոչ թե միջազգային փորձի մեխանիկորեն տեղայնացնելու մեջ է, այլ` ճիշտ կրթական մոդելի կառուցման եւ կառավարման մեջ»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարում Լիճք գյուղի հիմնական դպրոցն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031