«Հիմա գիտեմ` հայրենիքը ընդամենը մեր մեջ է, մեր մեջ…». երիտասարդ բանաստեղծուհին կրկին գրիչը վերցրել ու մտածում է, ամեն տողատակում ամուր գրկելով անհաշվելի ցավեր տեսած հայրենիքին։ Զգացողությունները տարբեր են լինում եւ հակասական։ Սկզբում երկրի մասին Հասը խոսում էր գեղեցիկ եւ պաթետիկ, հետագայում անցում կատարեց հասարակ եւ պարզ երկխոսությանը։
«Երբեք չեմ մտածել, թե ընթերցողը ինչ կզգա իմ ստեղծագործությունները ընթերցելուց հետո,-ասում է զրուցակիցս, շարունակելով,-որովհետեւ չեմ ձգտում գրել այնպես, որ ինձ բոլորը կարդան, թեպետ այդպես շատ դյուրին է։ Կան տողատակեր, որոնք միմիայն իմն են»։
Բանաստեղծուհու ստեղծագործություններում ընթերցողը կգտնի երկնքի, ավազի, ճայերի ու հողի միաձուլման տրամադրություն, եթե ցանկա այն տեսնել։ Ծովը դարձավ նրա տարերքը, ծնվելով ծով չունեցող երկրում՝ Հայաստանում, միշտ ապրել է այն զգացողությամբ, որ այն կա։
«Հիմա ապրում եմ արաբական երկրում, ուր ծովն ու անապատը միաձույլ են իրար։ Ծովի մեջ խաղաղություն կա, որը միայն կգտնես երկնքում եւ քո մեջ»,-աչքերը մի պահ կարոտով թեքում է դեպի պատից կախված Արարատի նկարին։
Կարդացեք նաև
Տողը ծնվում է իրական հույզերից, հեղինակի ապրածից ու ունեցած կենսափորձից։ Երբեք արհեստական ոչինչ չի անում, մասնավորապես պոեզիան իր էության եւ կյանքի ամբողջացումն է։
«Իրական միակ տողը մարդն է, որին պետք է պահենք ու փայփայենք մեր ներսում եւ մեզանից դուրս»,-համոզված է նա։
Ամեն ինչ` ե՛ւ արվեստը, ե՛ւ գիտությունը սկսվում են մարդուց, սակայն մարդը վերջանում է, իսկ ստեղծածը` ոչ, շարունակում է ապրել։
«Կարծում եմ՝ Աստծո գրած լավագույն տողն էլ մարդն է»,-ժպտում է։
Խոսում ենք պատերազմի մասին։ Հաս Չախալյանը վերցնում է թուղթը, որտեղ գրված է. «Չգիտեմ որքանով մենք հաղթեցինք, բայց պատերազմը շատերից խլեց հեքիաթներ եւ անգույն աչքերով երեխաները շատացան… Քաղաքը միշտ ձգվում է վեր: Ու եռուզեռը այնտեղ շատ է, քաղաքը դեռ սպասում է, սպասում է իրեն արթնացնողին»։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2021