«Գիտեք՝ պարտությունից հետո հաղթած բանակի հաղթանակած պաշտպանության նախարարի, վարչապետի մասին խոսելը շատ ավելի դժվար է դարձել»,-ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 62-ամյակի կապակցությամբ Եռաբլուր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:
Նրա ներկայացմամբ՝ անկախ ամեն ինչից մեղքի զգացողություն ունենք, որ իրենցից հետո չկարողացանք պահել հայրենիքը. «Խորապես համոզված եմ, որ այդ պարտությունները սկսվեցին նաև հոկտեմբերի 27-ից՝ Վազգենի չգոյությունից»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հիշո՞ւմ է եղբոր վերջին ծննդյան օրը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Վազգենը ծնունդի մարդ չէր, չէր սիրում նշել իր ծնունդները: Նա ասում էր՝ ծնունդ ունենում են երեխաներն ու կանայք, և այդ օրերը հիշել է պետք, ուրախանալ ու նշել: Իսկ տղամարդը ծնունդ չունի, իր ծնունդը նշելու կարիք չունի, չէր սիրում, երբ իրեն գովում, կենաց էին ասում, իր ներկայությամբ իր մասին դրական բաներ էին ասում, ամաչում ու կարմրում էր, ասում՝ վերջացրու»:
Արամ Սարգսյանը հիշեց Վազգեն Սարգսյանի մարդ տեսակը բնութագրող պատմություններից մեկը. «Մի տատիկ զանգում է իրեն, ասում՝ թոռնիկս հիվանդ է բանակում: Նա հրահանգներ է տալիս, բանակում զեկուցում են, որ թոռնիկը լավ է: Մի ամիս հետո նորից նույն տատիկը զանգում, ասում է, որ թոռնիկը հիվանդ է: Նորից Վազգենը նույն բանն է անում: Բայց մեկ ամիս հետո տատիկը զանգում, ասում է՝ թոռնիկս մահացավ: Ինքն ասում է՝ ոչ բարով իշխանավոր էի. ինձ զեկուցողների գլխին Աստված գիտի՝ ինչ արեց: Վեր է կենում, մի քար վերցնում, գնում այդ տատիկի տուն: Ասում է՝ քարը խփի գլխիս. ես քո թոռնիկին սպանել եմ: Տատիկն էլ ասում է՝ քեզ պինդ պահիր, որ գլխիդ փորձանք չգա, թե չէ այս երկիրը կկորչի»:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանը կարծում է՝ Վազգեն Սարգսյանն ամբողջությամբ գնահատված չէ ու ասում է. «Մեր ժողովուրդը Վազգենին տեսնում է քաղաքական գործընթացների մեջ, այս քաղաքական գործընթացներում ուզում է բացառել Վազգենի ընկերական հարաբերությունները Բաբկեն Արարքցյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրներով, բայց քաղաքական ենթատեքստով էլ Վազգենը, միասնություն դաշինքը կնքելով, ցույց տվեց, որ իր համար գերկարևորը ժողովրդի կամարտահայտությունն ու ընտրությունն է: Այդ դաշինքը դրա համար նման զարթոնք առաջացրեց»:
Արամ Սարգսյանը հավաստեց՝ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, հիմա Սարգսյանների ընտանիքում կնշեին Վազգեն Սարգսյանի 62-ամյակը, իսկ պետության համար միասնական ուժ կլիներ, քանի որ ՀՀ բանակը ամենակայացած ու մարտունակներից էր. մեզ հետ հաշվի էին նստում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ