«ԵԱՏՄ անդամ երկրների աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի տրանսպորտային կոմունիկացիաների հանգուցալուծման առումով միանգամայն հասկանալի է: Սակայն զուգահեռաբար կարեւոր է նկատի առնել Թուրքիայի`Հարավային Կովկաս մտնելու հետաքրքրությունները, այդպիսով նաեւ այդ երկրի պատասխանատվության բարձրացումը`առկա խնդիրների լուծման առումով»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» կենտրոնում կայացած Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Տեսակամուրջի ձեւաչափով քննարկվում էր Եվրասիական փորձագիտական ակումբի հետազոտությունը` նվիրված Հայաստանի տնտեսության 2020 թվականի իրավիճակին:
Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն, Արամ Սաֆարյանի խոսքով, բխում է նոյեմբերի 9-ի ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած համատեղ հայտարարության ոգուց եւ չափազանց կարեւոր է հայտարարության բոլոր կետերի համահավասար իրականացումը, ոչ թե բացառապես մեկ կողմին ձեռնտու կետերի իրականացումը: Արամ Սաֆարյանի գնահատմամբ, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ առայժմ անարգել իրականանում են բացառապես այն կետերը, որոնք բխում են Ադրբեջանի շահերից. «Կարեւոր է հասկանալ`երկրներից մեկի փորձը իրականացնել հայտարարության որոշ կետեր`շրջանցելով մյուս կետերը, որոնք համապատասխանում են մյուս երկրների շահերին, անհնար կարող է դարձնել տրանսպորտային կոմունիկացիաների գործարկումը»:
Այս համատեքստում, բանախոսը կարեւորում է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացումը, ինչպես նաեւ տնտեսապես ձեռնտու Իջեւան-Ղազախ ճանապարհի գործարկումը, որն ուղիղ կապում է Հայաստանը եւ ՌԴ-ն: Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում բանախոսը կարեւորում է համակարգային մոտեցումը, որի տրամաբանության մեջ է տեղավորվում նաեւ աբխազական երկաթուղու վերաբացումը, ինչպես նաեւ, ժամանակի կտրվածքով, Կարս-Գյումրի երկաթգծի վերաբացումը:
Այս համատեքստում նա կարեւոր է համարում հասկանալ Թուրքիայի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկաս մուտք գործելու առումով եւ այդ երկրի պատասխանատվության բարձրացումը`առկա խնդիրների լուծման առումով: Արամ Սաֆարյանը ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ Իրանի գործոնը, մասնավորաբար այն, որ Իրանը եւ Հայաստանը կարողանան հարաբերվել ՌԴ-ի հետ` այլ ավտո եւ երկաթուղային ճանապարհներով, ինչը էականորեն կնպաստի Հայաստանի տնտեսական անվտանգությանը եւ հնարավորություն կտա հակազդելու առկա քաղաքական եւ տնտեսական խնդիրներին:
Կարդացեք նաև
Հայաստանի տնտեսական անվտանգության ամրապնդման համար բանախոսը կարեւոր է համարում ոչ միայն ՌԴ-ի հետ սերտ համագործակցությունները, այլ նոր ռազմաքաղաքական համագործակցության անցնելու հնարավորությունների քննարկումը. «Հայ-ռուսական հարաբերությունների նոր որակի եւ նոր հարթության տեղափոխումը, այդ հարաբերությունների բազմակողմանի զարգացումը միակ հնարավորությունն է`չեզոքացնելու կամ նվազագույնին հասցնելու Հայաստանի համար թուրք-ադրբեջանական քաղաքական եւ տնտեսական հնարավոր էքսպանսիայից: Հայաստանի քաղաքական էլիտան, բիզնես եւ գիտական ու փորձագիտական շրջանակները պետք է համատեղ եւ լրջորեն քննարկեն հայ-ռուսական հարաբերությունների բարելավման տարբերակները, ԵԱՏՄ-ում համագործակցությունների մակարդակը եւ ձեւավորվող նոր իրողություններում մեր գոյակցության հնարավորությունները»:
Այս համատեքստում, վերլուծաբանը նկատում է, որ անցած 2020 թվականը կարելի է համարել բացթողնված հնարավորությունների շրջան, քանի որ ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է: Հայաստանի արտահանման ընդհանուր տեմպը նվազել է 3,9 տոկոսով, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման տեմպը նվազել է 8.3 տոկոսով: Արդեն երկրորդ տարին է՝ նվազում է Հայաստանից արդյունաբերական ապրանքների արտահանման տեմպը: 2020-ին այն կազմել է 5,2 տոկոս`131 միլիոն դոլար թվային արժեքով, այն դեպքում, երբ զարգացող թեթեւ արդյունաբերությունը կարող էր Հայաստանի համար տնտեսական աճի նախադրյալներ ստեղծել:
Այնուհանդերձ, փորձագետը հույս ունի, ու 2021-22 թվականներին հնարավոր կլինի արձանագրել տեքստիլ արտադրանքի եւ տրիկոտաժի արտադրանքի արտահանման ցուցանիշ: Այս ոլորտների կարեւորությունը կայանում է նրանում, որ դրանք նաեւ տեղում աշխատատեղեր են ապահովում: Արամ Սաֆարյանի գնահատմամբ, ընդհանուր առմամբ, Հայաստանի առջեւ կանգնած են մի քանի կարեւոր խնդիրներ. էականորեն բարելավել առեւտրային բալանսի բացասական տեմպը, բարձրացնել արտահանման տեմպը, ապահովել արտահանման դիվերսիֆիկացիան եւ խթանել պատրաստի արտադրանքի արտահանումը: Սրանք խնդիրներ են, որոնք բանախոսի կարծիքով, ԵԱՏՄ-ի շրջանակներում հնարավոր է լուծել`միաժամանակ նպաստելով Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը:
Ըստ Արամ Սաֆարյանի, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները եկել են համոզման, որ ԵԱՏՄ-ի համաձայնագրի բոլոր կետերն անհապաղ պետք է իրագործել: Խոսքը վերաբերվում է հատկապես այն դրույթներին, որոնք ենթադրում են կոոպերացիաների ձեւավորմանը, մրցունակության բարձրացմանը, տնտեսական հարաբերություններում փոխգործակցություններին: Միաժամանակ, ակումբի անդամները կարեւորում են գիտական ներուժի ներգրավումը այս աշխատանքներում: Բանախոսի գնահատմամբ, դրանք էական գործոններ են`ԵԱՏՄ-ի կայացման, ամրության եւ զարգացման համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ