Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. Քաղաքական ճգնաժամը պետք է լուծվի ընտրությունների կամ հասարակական համերաշխության միջոցով, այլ ոչ թե կառավարման համակարգ փոխելու

Մարտ 05,2021 16:39

«Սահմանադրական փոփոխությունների» հանձնաժողովի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Հայաստանում կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մասին հարցը դիտարկում է երկու մակարդակում՝ քաղաքական եւ բուն մասնագիտական:

Նրա մեկնաբանությամբ «Քաղաքական մակարդակում պատահական չէ, որ այդ թեման բացվեց, որովհետեւ դա մեր այսօրվա իրական մարտահրավերներից շեղելու թեմա էր: Եվ որպեսզի ինչ-որ առումով առկա բացթողումները, խնդիրները տարածվեն համակարգի վրա, այլ ոչ թե անձերի, նշեմ, որ կառավարման համակարգերի ցանկացած կերպափոխումների պայմաններում, եթե անձինք կամ անձանց մտածողությունը չեն փոխվում կառավարման փիլիսոփայության տեսանկյունից, որեւէ համակարգ չի կարող արդյունավետորեն աշխատել: Հետեւաբար, դա այսօրվա քննարկելիք թեմա չէ: Մեր առջեւ ծառացած խնդիրները այլ են եւ այդ խնդիրներին արձագանքելու գործիքներն էլ այլ պետք է լինեն: Հիմա մենք քաղաքական ճգնաժամի մեջ ենք եւ քաղաքական ճգնաժամը պետք է լուծվի ընտրությունների կամ հասարակական համերաշխության միջոցով, այլ ոչ թե կառավարման համակարգ փոխելու:

Իհարկե, մենք մասնագիտական հանձնաժողովում այս հարցը քննարկել, անգամ քվեարկել ենք եւ մեծամասնությունը այն կարծիքին է եղել, որ պետք չէ փոխել պառլամենտական կառավարման համակարգը: Երկու համակարգերն էլ լավն են, եթե լավ ես աշխատեցնում: Խնդիրն այն է, որ մենք չպետք է պետական ապարատը անընդհատ սթրեսների ենթարկենք, այն բանի համար, որ մի բան փորձում ես սկսել, հետո կեսճանապարհին որոշում, թե դա լավը չէ այն պատճառով, որ անձինք չեն կարողանում նորմալ կազմակերպել իրենց քաղաքական իշխանությունը այդ համակարգում: Դրա համար մասնագիտական հանձնաժողովը որոշեց, որ հիմա դրա ժամանակը չէ: Հիմնական պատճառաբանությունը այն էր, որ առկա գործընթացները չեն խրախուսում անընդհատ սթրեսային իրավիճակ առաջացնել պետական մարմինների համար: Թեեւ հիմա, արդեն պատերազմից հետո ամբողջ պետական ապարատը թե ղեկավարման արդյունավետության տեսանկյունից, թե ընդհանրապես փիլիսոփայության տեսանկյունից գրեթե զրոյական մակարդակ իջավ, այս պարագայում կարող ենք քննարկել: Բայց դա այսօրվա քննարկվելիք հարցը չէ: Դա պետք է քննարկենք հետագայում, երբ ընտրություններ կլինեն, նոր քաղաքական ուժեր կգան ԱԺ, նոր Սահմանադրական հանձնաժողով կձեւավորվի, այդ սահմանադրական հանձնաժողովը բացառապես մասնագիտական տեսանկյունից կնստի եւ կքննարկի, թե արդյո՞ք կառավարման համակարգի փոփոխությունը կբերի ավելի արդյունավետ կառավարում մեր իրականություն:

Ինչ վերաբերում է փաստարկին, թե քաղաքական կուսակցությունները կայացած չեն եւ պառլամենտական կառավարումը արդյունավետ չէ, սա էլ ինչ-որ առումով խնդրահարույց մոտեցում է, որովհետեւ եւ նախագահական եւ կիսանախագահական կառավարման ձեւերը արդյունավետ են աշխատում միայն այն պարագայում, երբ քաղաքական կուսակցությունները կայացած են լինում եւ պառլամենտը իր դերը ունենում է: Եթե քաղաքական կուսակցությունները, ընդհանրապես քաղաքական համակարգը կայացած չլինի, չի աշխատի նաեւ կիսանախագահական եւ նախագահական կառավարման համակարգը: Հետեւաբար, այս փաստարկը, իհարկե, կարեւոր է, բայց այս փաստարկով հիմնավորել նախագահական, կիսանախագահական կամ պառլամենտական կառավարման տարբերակը, իմ կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ մասնագիտական տեսանկյունից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031