Լրահոս
Օրվա լրահոսը

Կուզեր, որ կապիտան որդին այս մեդալն էլ անձամբ ստանար

Մարտ 05,2021 16:31

Արցախյան վերջին պատերազմում անմահացած, 31-ամյա կապիտան Արթուր Խաչատրյանը հետմահու, ՀՀ նախագահի որոշմամբ՝ արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։ Մայրը՝ Հասմիկ Մելքոնյանը շատ կուզեր, որ ինչպես մյուս մեդալները, այս մեկն էլ Արթուրը անձամբ ստանար։

«Ոգեւորված եմ, որ գնահատեցին որդուս, ցավ եմ ապրում, բայց հպարտ, որ Արթուրս կյանքը տվել է հանուն հայրենիքի, հանուն իր հարազատների, հանուն իր հող ու ջրի»,-ասում է տիկին Հասմիկը։ Նայում է անմահացած որդու անկյունին, որտեղ Արթուրի լուսանկարներն են, մեդալները, պատվոգրերը, անձնական իրերն ու ինքն իրեն խոստանում, զսպում, որպեսզի չարտասվի, բայց մեկ–մեկ չի ստացվում։

Պատմում է՝ երբ որդու լուսանկարը բերեցին, կարծես Արթուրը սաստեց, որ չլացի։ «Չեք հավատա, բայց ես լսեցի նրա ձայնը, որ Արթուրս ասում է՝ մամ, արցունքներդ սրբի, հանկարծ չլացես»,–նշում է Հասմիկ Մելքոնյանը։ Հիշում է՝ վերջին անգամ երբ ճանապարհում էր Արթուրին, գնաց նստեց մեքենան, նորից հետ եկավ, գրկեց մորն ու երկար համբուրեց։ «Կարծես զգում էր»,–շարունակում է մայրն ու պատմում, որ որդին մանկուց է սիրել զինվորականի գործը։ «Ապրում էր զինվորներով, նույնիսկ արձակուրդ չէր գալիս։ Ասում էր՝ մա՛մ, դու մի Արթուր ունես, ես՝ 25 Արթուր։ Իրենց մամաներին ես պիտի պատասխան տամ։ Միգուցե խիստ հրամանատար էր, բայց շատ հոգատար ու բարի էր»,–ասում է մեր զրուցակիցը։

Տիկին Հասմիկի մյուս որդին՝ Արմեն Խաչատրյանը նույնպես զինվորական է։ Մայրը կուզեր, որ չգնար սահման, թողներ զինվորական ծառայությունը, բայց Արմենն էլ իսկական զինվորական է եւ որպես ծնող՝ երբեք նրան այլ խորհուրդ չի տա։ Արմենի աղջիկը՝ 5-ամյա Հասմիկը դեռ սպասում է իր հերոս հորեղբայր Արթուրի վերադարձին։

Արթուր Խաչատրյանը ավարտել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ սուսերամարտի մարզիչ եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ որակավորմամբ։ Սովորել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի համազորային ֆակուլտետում, համազորային հրամանատարական մասնագիտությամբ։ Ինստիտուտը ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով, ծառայության է անցել ԼՂՀ պաշտպանության բանակի 5–րդ պաշտպանականի N զորամասում, որպես դասակի հրամանատար (Մարտակերտ), այնուհետեւ նշանակվել է նույն զորամասի շարային մասի ավագ սպա։ 2015 թվականին արժանացել է կապիտանի կոչման:

Ապրիլյան քառօրյայի մասնակից էր, Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի առաջին օրվանից թիկունք-առաջնագիծ կապն էր ապահովում՝ ռազմամթերք, սնունդ, հագուստ էր հասցնում։ Մարտական ընկերները պատմում են, որ այդ օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, թշնամին շատ ինտեսիվ կրակում էր, սպասում էին մի քիչ հանդարտվի, որ հացով բեռնված մեքենան տղերքին հաց տանի։ Արթուրը չսպասեց, հացը հասցրեց տղերքին, իսկ վերադարձին՝ թշնամու «Սմերչը» կպավ Արթուրի ավտոմեքենային։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։


Հասմիկ Մելքոնյանը հեռու է քաղաքականությունից ու չնայած որդին զոհվել է հանուն Հայաստանի, բայց կարծում է`ճիշտ էր հրադադար ստորագրելը։ «Չէի ցանկանա, որ ուրիշ մայրեր նույնպես որդեկորույս դառնային։ Փրկեցին Արցախում ծառայող մեր տղաների կյանքը»,–ասում է տիկին Հասմիկը։

Իսկ մեր զինված ուժերին՝ զոհվածի մայրը տոկունություն եւ մարտական ոգի է մաղթում։

Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031