Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքին Հանդում հայկական դպրոցը 500 մետրի վրա է ադրբեջանական դիրքերից»․ ՄԻՊ

Մարտ 05,2021 16:21

Վերջին օրերին նույնպես ադրբեջանցի զինվորականները կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Ագարակ, Եղվարդ եւ մի շարք այլ համայնքների ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ունենք ապացույցների խումբ, արձանագրել ենք այն զինատեսակները, որոնք առավելապես օգտագործվել են՝ «Կալաշնիկովի ձեռքի գնդացիր», «Դրագունովի դիպուկահար հրացան», Կալաշնիկովի գնդացիր, «ադրբեջանական դիպուկահար հրացան»․․․այդ զինվորները, որոնք կրակում են, նրանց գերագույն գլխավոր հրամանատարն Ալիեւը չի՞։ Այդ Ալիեւը չի՞, որ ասում է, թե իրենք գալու են Զանգեզուր, վերացնելու են հայի տեսակը։ Ալիեւն ասում է, որ դա իրենց ռազմավարական-քաղաքական ուղղությունն է, հետեւաբար՝ այս ամենը սկզբունքային նշանակություն ունի իմ մշակած հայեցակարգի համար»,-շեշտեց Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ նա մշակել է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին հայեցակարգ՝ հաշվի առնելով պատերազմից հետո Սյունիքի սահմանազատման գործընթացում առկա խնդիրներն ու բնակիչների իրավունքների ոտնահարումներն ադրբեջանցի զինվորականների կողմից։

Թաթոյանի խոսքով՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը ոտնահարում է բնակիչների անվտանգությունն ու կյանքի իրավունքը․ «Ներքին Հանդում հայկական դպրոցը 500 մետրի վրա է ադրբեջանական դիրքերից, եւ այդտեղ կրակոցներ են արձակվում։ Հիմա միջազգային որեւէ կառույց ինձ կարող է ասել, թե սա երեխայի շահից բխող իրավիճա՞կ է»։

Արման Թաթոյանը նաեւ նշեց, որ Սյունիքի սահմանազատման գործընթացում գրանցվել են բնակիչների ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներ․ «Նույն Ներքին Հանդում, Շուռնուխում, Որոտանում ճանապարհի մի հատվածում այսպես կոչված «ադրբեջանական տարածք» է՝ իրենց զինվորականներով, որոնք շրջում են զենքով։ Փոքր տարածության վրա էլ մեր սահմանապահ զինվորներն են եւ ռուս սահմանապահները։ Սա երեխաների շահերից է բխո՞ւմ։ Նրանք խաղում են այդ տարածքում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031