Լրահոս
Օրվա լրահոսը

Քովիդ-19-ով վարակված անձինք կարող են վիրուսի նոր շտամով վարակվել

Մարտ 05,2021 16:13

«Կորոնավիրուսի համավարակը բոլոր երկրներում կրում է ալիքային բնույթ՝ անկախ երկրի եկամուտներից, բնակչության՝ կանոններին հետեւելու կամ չհետեւելու վարքագծից։ Այս հիվանդության բնույթներից մեկն է՝ եթե կա դեպքերի նվազում, ապա դրան հաջորդելու է ավելացում եւ պետք է պատրաստ լինել դրան»,-այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանը։

Իհարկե, քաղաքացիների վարքագիծը՝ կանոնները չպահպանելը, ինչպես ասաց տիկին Պետրոսյանը, օգնում է որպեսզի դեպքերի ավելացումը ավելի շատ լինի․ «Եթե հիշենք, պատերազմի շրջանը, երբ հասանք պիկին եւ գրեթե բոլորիս շրջապատում կային  հիվանդներ եւ մահացողներ, սկսեց գործել վախի գործոնը, ամենածանր շրջանում մարդկանց հիմնական մասը սկսեց կրել դիմակ։ Այսինքն` այս դեպքում, աշխատում է այդ գործոնը, բայց երբ տեսնում են դեպքերի նվազում՝ թուլացնում են վարքը։ Ուստի, անհրաժեշտ է հիշեցնել մարդկանց, որպեսզի զգոն լինեն։ Իհարկե, վարքագիծ փոփոխելը շատ շատ բարդ է, ամբողջ աշխարհում է այդպես»։

Մասնագետը նշեց՝ միայն բոլոր միջոցառումները միասին կարող են բավարար կայուն վիճակի բերել եւ միայն պատվաստումը, միայն դիմակ կրելը, միայն սոցիալական հեռավորություն պահպանելը բավարար չէ։

Անդրադառնալով երեխաների շրջանում կորոնավիրուսի վարակի դեպքերի աճին, տիկին Պետրոսյանն ասաց․ «Երեխաներն իրենք են ասում, որ դպրոցի տնօրենը դիմակ չի կրում, ուսուցիչը չի կրում։ Մեր երեխաները պատրաստակամ են այդ փոփոխությանը, սակայն, երբ տեսնում են մեծերի՝ այդ կանոնների արհամարհումը, նրանք էլ են դադարում հետեւել կանոններին։ Անհրաժեշտ է խիստ համագործակցություն տեսչական մարմիների, քաղաքապետարանի, մարզպետարանների հետ, որպեսզի թուլացում չլինի։ Տարբեր երկրներում խնդիր է՝ փակե՞լ դպրոցները, թե՞ ոչ։ Փակում են առողջապահական նպատակներով, բայց դա միեւնույն ժամանակ անդրադառնում է երեխաների զարգացման վրա»։

Տիկին Պետրոսյանի խոսքով՝ քանի որ այս հիվանդությունն ունի գաղտնի շրջան, որը տեւում է երկու շաբաթ, այն, ինչ հիմա տեսնում ենք՝ դեպքերի աճ, արտահայտում է երկու շաբաթ առաջվա հանրային վարքը, այսինքն՝ արդյունքները մեկ օր հետո չենք տեսնում, մոտ երկու շաբաթ հետո, իսկ ավելի ուշ, որպես հետեւանք, մահերն ենք տեսնում։

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն էլ հավաստիացրեց, որ այս տարի կրթական հաստատություններում արդեն 121 ստուգայց են իրականացրել, իսկ անցյալ տարի՝ 146։ «Մեր ունեցած ռեսուրսները քիչ են, իսկ վերահսկման ոլորտը մեծ է, այդ թվում նաեւ տնտեսական գործունեություն իրականացնողների մոտ են ստուգայցեր կատարում։ Մենք երկու հարյուր հոգով չենք կարող ամեն օր նույն տնտեսվարողի մոտ մտնել, այստեղ ամեն ինչ կախված է տնտեսվարողից։ Կան դեպքեր, երբ մուտք չենք գործել տնտեսվարող օբյեկտ, բայց այդտեղ կանոնները խիստ պահպանում են, կան որ տասներորդ անգամ ենք մտել, վարչական տույժի ենք ենթարկել, բայց կանոնները չեն պահպանում»։

Պատվաստվելուց կամ վարակվելուց եւ ապաքինվելուց հետո էլ պետք է խստորեն պահպանել կանոնները։ Վարդուհի Պետրոսյանը վստահեցրեց՝ գիտական ապացույցներ կան կրկնավարակի․ առաջին անգամ վարակվելուց հետո անձը մուտացված վիրուսով է վարակվել, այսինքն, նույն վիրուսի այլ շտամով։ Տիկին Պետրոսյանի ներկայացմամբ՝ կան գիտական բազմաթիվ հոդվածներ, որոնք փաստում են՝ նոր կորոնավիրուսի տարբեր փոփոխությունների մասին, որոնցից մի քանիսը մեծ վարակելիություն ունեն․ «Եվ հնարավոր է, որ այդ շտամերը ներթափանցեն մեր երկիր։ Այդ դեպքում շատ ավելի արագ է տարածվելու վիրուսն ու պատճառ լինելու դեպքերի արագ աճի։ Իրավունք չունենք թուլացնել մեր զգոնությունը։ Նրանք, ովքեր հաստված վարակված եւ ապաքինված են, ապահովագրված չեն մեկ այլ շտամով վարակվելուց։ Նրանք, ովքեր պատվաստվում են, հնարավոր է ունենան վիրուսի որոշակի քանակ ու տարածեն այլ մարդկանց մոտ, ինքը չլինի հիվանդ, ախտանշան չունենա, բայց որպեսզի շրջապատի մարդիկ նույնպես պաշտպանված լինեն, պետք է իրենք էլ կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031