«Ասել էին՝ հրադադար է, վերջ, Շուշին վերցրած է, իջնում ենք Մարտակերտ: Հրամանատարն է մեզ ասել. կգնանք Ստեփանակերտ, Արայիկ Հարությունյանն էդ թուրքին ով որ բռնել է, իր մեդալները տա`գնանք տներով»,- նոյեմբերի 1-ի երեկոյան իրադարձություններն է հիշում Արման Ղարիբյանը: Իմ զարմանքին ու հստակեցնող հարցին, որ հրադադարը նոյեմբերի 9-ին է եղել, պատասխանում է`«Մեզ ինչ հրաման տվել են, դա ենք արել»:
Այդ օրը Արմանը վիրավորվեց Կարմիր Շուկայում: Վիրավորումը ծանր էր, որովայնի շրջանում: Օրերս հերթական վիրահատությունն է տարել, բարդ վերականգնողական փուլը դեռ առջեւում է:
23-ամյա Արման Ղարիբյանը Ակնայի (Աղդամի) շրջանի Նոր Կարմիր ավան գյուղից է: Հայրը արցախյան առաջին պատերազմին է մասնակցել, պատերազմից հետո ավտովթարից է մահացել, երբ Արմանը ութ ամսական էր: Նոր Կարմիր ավանը հանձնվել է Ադրբեջանին:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 1-ին, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանի մասին:
«Առավոտ ժամը տասին բռնել ենք`ես ու Գարիկը: Գարիկը մարտակերտցի է, մեր գյուղում էր ապրում: Էդ օրն էլ զոհվել է: Գարիկը մենակ էր գնում իրան (գերուն-Ն. Գ.) բերելու: Ասեցի`ես էլ եմ գալիս: Ես առանց զենք`ձեռքս մի հատ նռնակ էր, գնացինք, իրան բերեցինք»: Մի կերպ բացատրում են, որ շորերը բարձրացնի`տեսնեն, որ զինված չէ: Ձեռքով-ոտքով հասկացրել են, որ վնաս չեն տալու. «Իրան քաշել ենք բերել, կողքից եկել են, արդեն իրենք են դարձել հերոս»:
Սիրիացի վարձկանին գերեւարելու համար հինգ հոգի պարգեւատրում են ստացել, բայց Արմանն այդ ցանկում չէ: Այդ ցանկում չէ նաեւ իր զոհված ընկերը` Գարիկը. «Գարիկը`չգիտեմ`ստացել է, թե`ոչ, բայց Գարիկը չկա, ո՞նց պիտի ստանա.. էդ երեկոյան էլ հերթափոխություն է եղել: Ալեքսեյն ու Իվանը էդ արաբին վերցրին` գնացին: Ես, Գարիկը, Բենոն մնացինք, որ միասին գնայինք, վերջինը մենք պիտի դուրս գայինք: Ասել էին`ամեն ինչ հավաքեք`գնացեք: Բենոն էլ է մահացել… »:
Արմանը պատմում է, որ իրենց ասել էին, որ հերթափոխ պետք է լինի, ապա հրահանգ են ստացել` հավաքվել, մինչեւ վերջին փամփուշտը եւ լքել դիրքը: Չեն հասցնում: Ինքը ծանր վիրավորում է ստանում, մի պահ աչքերը բացում է`տեսնում տղաները մահացած, հետո ոչինչ չի հիշում, արթնանում է Երեւանում` հիվանդանոցում:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան վաղ Արմանն արթնանում է. «Մի քանի րոպե անց, դղրդոցն ընկավ, պատուհանները կոտրվեցին. հասկացա, որ կռիվը սկսվել է: Մի անգամ դրա միջով անցել եմ 2016-ին, զինծառայող էի: Արմենը (հիվանդ եղբայրը-Ն. Գ.), քնած էր, նրան գրկեցի ու պատուհանից ներքեւ թռա, այգու միջով դուրս եկա: Ոչ մի բան հետաքրքիր չէր, միայն տնեցիքին փրկեի: Գնացինք հասանք խանութի մոտ, անընդհատ խփում էին»:
Մայրը` Ելենան, առավոտյան պատրաստվում էր աշխատանքի գնալ, կինն էլ արդեն աշխատավայրում էր`զորամասում: Գյուղի խանութի մոտից բոլոր կանանց եւ երեխաներին ուղարկում են հարեւան գյուղ, տղամարդիկ էլ պատրաստվում են ռազմաճակատ մեկնել:
Թեեւ Արմանը կարող էր օրենքով ազատվել`հիվանդ եղբայր ունի խնամքի տակ եւ տարեց մայր, բայց չի օգտվում այդ արտոնությունից, կամավորագրվում է: «Չեմ հասցրել տանից կոշիկ հագնել, մի պոկված լաթ էր հագիս: Խանութից մի քանի տուփ սիգարետ եմ վերցրել ու ավտոներով գնացել ենք Մարտակերտ: Մարտակերտում մի զենք են տվել, որը երեւի մի քառասուն տարի չէր օգտագործվել, երեք պահունակ էլ փամփուշտ»,- պատմում է Արմանը:
Իրենց ջոկատը մեկնել է Մատաղիս. «Իրիկունը ժամը 11-ին հասել ենք, մեր հետ ոչ ոք չի խոսել, հրամանատար չի եղել, որ ասի` ձեր հրամանատարը ես եմ լինելու, կամ ինչ եմ անելու: Գիշերը հարձակվել են`չորս տանկով 200 հոգի էլ մարդ: Մեր տղերքից կեսը վիրավորվեցին, շատերը մահացան…«Պանիկավատ» արեցի`թուրքերն եկել են`հելեք պոստից: Հելել ենք, հետո տեսել ոչ մի թուրք էլ չի եկել»: Թե ովքե՞ր են նման խոսակցությունները տարածել`Արմանը չգիտի, ասում է`շատ մարդ կար, շատերն անծանոթ էին, խառը իրավիճակ էր: «Ինչքան արել ենք, որ կռիվ տանք` հաղթենք, բայց մեր հրամանատարները չեն թողել, որ հաղթենք: Մի կռվեք, պետք չի`ասում էին: Արկի տակ ի՞նչ կռվես, զենքով ո՞նց կռվես: Տեխնիկա չունեինք: Չէի՞ն տվել, չի՞ եղել`իրենց հարցն է. մենք տեխնիկա չունեինք»:
Հիմա`հետահայաց բարկանում է. «Մեր մեղավորությունն էր, որ գնացել ենք, ինչի պիտի մեր գյուղի երիտասարդները, կողքի գյուղի երիտասարդները մահանային, ինչի պիտի քրոջս որդին մահանար, եթե իրենք գիտեին, որ էդպես էր լինելու… Ես այս պահին ամեն ինչ կորցրել եմ`ընկերներիս կորցրել եմ, ախպերներիս կորցրել եմ, տունս կորցրել եմ…»:
Արարատի մարզի Ոսկետափ գյուղում են տեղավորվել, վարձով են ապրում: Թեեւ պետությունը պետք է փոխհատուցեր, բայց չեն տալիս, ասում են`չկա: Ռուսաստանաբնակ բարեկամներն են օգնում, որ նաեւ փայտ գնեն, գոնե «ձմռան տակից դուրս գան»:
Գյուղապետից, գյուղի բնակիչներից են շատ շնորհակալ` ձեռք են գցում`ով ինչով կամ ինչպես կարողանում է:
Ի դեպ, Արմանի վիրահատությունների հարցում էլ է խնդիր առաջացել, քանի որ կամավոր է մասնակցել պատերազմին, շատ դեպքերում վճարումների հարց է առաջանում:
Մայրը`Ելենա Բուդաղյանը, արցունքները մի կերպ զսպելով հարցնում է`ի՞նչ անենք ո՞նց ապրենք . «Սա ապրուստ ա՞, որ ապրում ենք, ապրուստ չի»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ