Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունեցիները զրկվել են տնից ու հողից, մինչդեռ ունեն կադաստրային թղթերը, եւ դրանք պետք է դրվեն սահմանազատման հիմքում»․ ՄԻՊ

Մարտ 05,2021 15:48

Սյունիքի մարզում սահմանազատման հարցերը պետք է իրականացվեն հանձնաժողովների մասնագիտացված աշխատանքներով, որոնք պետք է իրականացվեն նախապես՝ ինժեներների, հողաշինարարների, պատմաբանների մասնակցությամբ եւ տեղի բնակիչների պարտադիր ներգրավմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով պատերազմից հետո Սյունիքի սահմանային հարցերի հետ կապված խնդիրներից՝ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Խորհրդային միության ժամանակ սահմանազատման այնպիսի մեթոդներ են կիրառվել, որոնց փաստաթղթերը պահպանված են եւ պետք է օգտագործվեն նաեւ հիմա»,-նշեց նա։

Արման Թաթոյանը հայտնեց, որ գրանցվել են սյունեցիների սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ․ «Խոսքը մի քանի իրավիճակի է վերաբերում։ Բնակիչներն ունեն ՀՀ-ի կամ Խորհրդային միության պետական կառույցների տված օրինական փաստաթղթեր, բայց ֆիզիկապես չեն կարողանում օգտվել իրենց սեփականությունը հանդիսացող տարածքներից, որովհետեւ դրանք այսպես կոչված «ադրբեջանական» են։ Այդ մարդիկ ունեն կադաստրային վկայականներ։ Ընդ որում, տներ ու հողեր կան, որ ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ են, եւ մարդիկ չեն կարողանում դրանք օգտագործել, կրակոցներ են հնչում։ Սրաշենում գյուղացիները պատմեցին, որ մարդը թոռնիկի հետ գնացել էր հող մշակելու, ադրբեջանցիները կրակել են։ Սա կյանքի եւ սեփականության իրավունքի խախտում է։ Եվ այսպես է մի շարք գյուղերում»։

Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ պետական մարմիններից պատճառաբանում կամ կարծիք են ներկայացնում, թե՝ «այսպես պետք է լինի, ի՞նչ անենք, քարտեզի հիման վրա է, 30 տարի պատկան մարմինները չեն նայել, որ դա կարող է ադրբեջանական տարածք է, եւ նշել են կադաստրային փաստաթղթում»։ Արման Թաթոյանի խոսքով՝ սա բավարար փաստարկ չէ․ «Իրականում կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքերի հիմքում։ Անգամ կան տեղեր, որտեղ դրանք պետք է առաջնահերթություն ունենան, որովհետեւ հիմքում մարդու իրավունքն է։ Բնակիչը չպետք է միջպետական գործընթացի պատճառով զրկվի իր հողից, որի համար հարկ է վճարել։ Ավելին՝ արդարադատության միջազգային դատարանի դատական պրակտիկայի մեր ուսումնասիրությամբ՝ տարածքային փաստաթղթերի հիմքում պետք է նշյալ փաստաթղթերը դրվեն, իսկ որոշ դեպքում՝ առավելություն ստանան։ Կադաստրային թղթերի հիմնարար նշանակության մասին խոսվում է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հատուկ ուղեցույցներում»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին հայեցակարգ՝ հաշվի առնելով պատերազմից հետո Սյունիքի սահմանազատման գործընթացում առկա խնդիրներն ու բնակիչների իրավունքների ոտնահարումներն ադրբեջանցի զինվորականների կողմից։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031