Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կկառուցվի հեղափոխական իշխանության խոստացած Աջափնյակի մետրոյի կայարանը. Գեւորգ Ավետիսյանը փակագծեր չի բացում

Մարտ 05,2021 15:21

2018 թվականի հեղափոխությունից հետո մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելու խոստումներ եղան, նոր էսքիզներ գծվեցին, ի՞նչ փուլում են այդ աշխատանքները: Այսօր այս հարցին «Երեւանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է նոր կայարանին, ապա, լինելու պարագայում, լինելու է Աջափնյակ թաղամասում: Կոնկրետ աշխատանքներ տարվում են՝ ուղղակի չեմ ուզում փակագծերը բացել, որովհետեւ հարցը քննարկման փուլում է գտնվում»:

Մետրոպոլիտենի 40-ամյակի առիթով Գեւորգ Ավետիսյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացրեց առաջիկա ծրագրերը: Ասաց, որ մետրոպոլիտենի «ծննդյան» առիթով ճոխ միջոցառումներ չեն կազմակերպվի՝ հաշվի առնելով երկրում ստեղծված ներքաղաքական վիճակը, բայց «Երիտասարդական» եւ «Հանրապետության հրապարակ» կայարաններում տեղի կունենան ցուցահանդեսներ՝ Երեւանի մետրոպոլիտենի պատմության թեմայով: Երկարամյա աշխատակիցներն էլ կպարգեւատրվեն:

Գեւորգ Ավետիսյանը, որպես խնդիր, նշեց սերնդափոխության եւ հին շարժակազմը նորով փոխարինելու հարցը: Նրա խոսքով, մետրոպոլիտենում այսօր սերնդափոխությունը լուրջ խնդիր է, կադրերի պակաս կա, որովհետեւ հանարապետությունում չկան ուսումնական հաստատություններ, որտեղ կարելի  սովորել այդ մասնագիտությունը. «Մեր երկարամյա աշխատակիցները երիտասարդներին փոխանցում են իրենց գիտելիքներն ու փորձը: Բայց  աշխատավարձի չափը փոփոխելուց հետո մետրոպոլիտենում որոշակի առաջընթաց կա»:

Կորոնավիրուսը մետրոպոլիտենին էլ է ֆինանսական վնասներ պատճառել. մետրոյի պատմության մեջ առաջին անգամ անցյալ տարի՝ ապրիլ-մայիս ամիսներին մետրոն չի սպասարկել:

Գեւորգ Ավետիսյանի խոսքով, եթե 2019 թվականին տեղափոխել են 21 միլիոն ուղեւոր, 2021-ին այդ թիվը եղել է 11 միլիոն: Ասաց, որ օրական տեղափոխում են 50-55 հազար ուղեւոր. «Այս պահին աշխատում է 11 շարժակազմ՝ բաղկացած 2-3 վագոններից: Պիկ ժամերին գիծ են դուրս բերվում լրացուցիչ գնացքներ: Երեւանի մետրոպոլիտենն ունի 12, 5 կիլոմետր երկարության գիծ եւ տասը կայարան: Նշեմ, որ մետրոպոլիտենը նաեւ հանդիսանում է ռազմավարական նշանակության կառույց»:

Ըստ տնօրենի պաշտոնակատարի, մետրոպոլիտենի վագոնային պարկն ունի խնդիրներ եւ այն սարքավորումները, որոնք ֆիզիկապես մաշվել են՝ պետք է փոխարինվեն նորերով: Բայց այն անվտանգ է, քանի որ յուրաքանչյուր շարժակազմ, գիծ դուրս գալուց առաջ, մասնագետների կողմից ենթարկվում է տեխնիկական զննման:

Զարգացման ծրագրերով մետրոպոլիտենը վերակառուցվում է: Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ առաջին փուլով աշխատանքներն ավարտվել են, երկրորդ փուլով՝ ընթացքի մեջ են: Արդիականացվել են շարժակազմերը: Դեպոյի տարածքում ստեղծվել է գնացքների լվացման կենտրոն, մեքենավարների ուսուցման կենտրոն: Երկրորդ փուլում աշխատանքները վերաբերում են դրենաժային թունելին, որտեղ կատարվում են ստորգետնյա ջրերի հեռացման աշխատանքներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031