2020 թվականին Հայաստանում արձանագրվել է ոչ միայն տնտեսական անկում, այլ նաեւ հակասական զարգացումներ, որոնցից քաղված դասերի հիման վրա պետք է կառուցել ապագայի կանխատեսումներն ու զարգացման ծրագրերը: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» կենտրոնում կայացած Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը`ամփոփելով «Եվրասիական փորձագիտական ակումբի հետազոտությունը»՝ նվիրված Հայաստանի տնտեսության 2020 թվականի վիճակին:
Ըստ Թաթուլ Մանասերյանի, Հայաստանի տնտեսության կրած վնասների մեծ մասը արցախյան երկրորդ պատերազմի հետեւանք են. ոսկու, պղնձի, մոլիբդենի բազմաթիվ հանքերի կորուստներ, ներդրումների կտրուկ նվազում եւ այլն: Գումարած՝ կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմում ահռելի ծախսերը: Ամեն դեպքում, բանախոսը վստահ է, որ եթե անգամ այս ամենը չլիներ, Հայաստանում առանձին ոլորտներում տնտեսական անկումը սպասելի էր, քանի որ երկրի կառավարությունը վարում է անարդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն:
Մասնավորաբար, 2020 թվականի հունվար-դեկտեմբեր հատվածում Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2,070 տրիլիոն դրամ, ավելի քան 4,233 միլիարդ դոլար, ինչը 0,9 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: 2020 թվականի դեկտեմբերի նույն ցուցանիշը 5,8 տոկոսով է զիջում 2019-ի ցուցանիշին: Թեեւ աճ կա հանքարդյունաբերության ոլորտում՝ 11,6 տոկոս, սակայն անկում է գրանցվել վերամշակող արդյունաբերությունում՝ 3,9 տոկոս, աճել է գործազրկությունը, պայմանավորված ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ՝ Հայաստանից աշխատուժ ընդունող երկրներում ծանր տնտեսական վիճակով: Արդյունքում 2020 թվականին, 2019-ի համեմատ, գրանցվել է տնտեսական ակտիվության 7,5 տոկոս անկում՝ առավելապես պայմանավորված շինարարության եւ ծառայությունների ոլորտում անկմամբ: Ըստ բանախոսի, այսօր Հայաստանի պետական պարտքը 7,968 միլիարդ դոլար է՝ վերջին մեկ տարում աճել է 647,2 միլիոն դոլարով:
Եվրասիական տնտեսական միությունն էլ է տուժել կորոնավիրուսի համաճարակից: Օրինակ Հայաստանում մանրածախ առեւտուրը կրճատվել է 16,6 տոկոսով, Ռուսաստան արտահանումները՝ 11 տոկոսով, ԵԱՏՄ այլ երկրներ արտահանումները՝ գրեթե 30 տոկոսով: Բայց միության անդամ բոլոր երկրներում աճել են գյուղմթերքի արտադրության ծավալները: Մանասերյանը վստահ է, որ ԵԱՏՄ երկրները ճգնաժամից դուրս են եկել նվազագույն կորուստներով, ինչը պայմանավորված է կառավարությունների իրականացրած բիզնեսին աջակցության ֆինանսական ծրագրերով: Տնտեսագետի կարծիքով, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դրական է ազդել մեր երկրի արտահանման դինամիկայի վրա. 2015-2019 հատվածում Հայաստանի տարածաշրջանային արտահանումներն աճել են 2,4 անգամ դառնալով ավելի քան 1,3 միլիարդ դոլար՝ համախառն ներքին արդյունքի մոտ 10 տոկոսը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ