Մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուրում միջադեպ տեղի ունեցավ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Անի Գևորգյանի միջև:
Լրագրողը Սասուն Միքայելյանին հարցեր հղեց, որոնց նա խուսափեց պատասխանել, փոխարենը գոռաց լրագրողի վրա, և նրանց վիճաբանությանը միջամտեց Անդրանիկ Քոչարյանը՝ ևս հոխորտալով լրագրողի վրա:
Ներկայացնում ենք լրագրող Անի Գևորգյանի և Սասուն Միքայելյանի երկխոսությունը բառացի:
Լրագրող-Սպառազինության գնման ծրագիրն ինչո՞ւ եկաք իշխանության և փոխեցիք:
Կարդացեք նաև
Ս.Մ-Ես պարզ ասի Ձեզ, կհրավիրեմ մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, կգաք, ձեր հարցերը կտաք:
Լրագրող-Ասում եք՝ Գլխավոր շտաբը նման հայտարարությամբ հանդես չպետք է գար, ի՞նչ պիտի աներ, եթե տեսնում է, որ անվտանգության սպառնալիք կա, տարածքային անվտանգության հարց կա:
Ս. Մ. -Իմ իրավունքն է. հարցազրույց չեմ տալիս: Իմ խոսքն ասել եմ: Պարզ է: Եթե ինչ-որ բան է անհանգստացնում, կհրավիրեմ մամուլի ասուլիս:
Լրագրող- Մտահոգիչ չէ՞, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակը պարբերաբար թիրախավորում են, տեղեկատվական գրոհի ենթարկում: Գլխավոր շտաբն էլ է այդ մասին խոսում:
Ս.Մ.– Պարզ չէ՞, չհասկացա՞ք:
Լրագրող-Պարո՛ն Միքայելյան, այնպիսի հարց է, որ պիտի արձագանքեք:
Ս. Մ.-Քո ասելով ես չպիտի արձագանքեմ, մի րոպե: Իմ իրավունքն է, ես քեզ ասում եմ: Երբ պետք լինի ասուլիս, կգաք, Ձեր հարցերը կբարձրացնեք: Ինչ կա՝ ես արդեն ասել եմ:
Լրագրող-Այսինքն՝ պնդում եք, որ երեսուն տարի բանակը չի կառուցվել, Ձեր խոսքերով՝ բանակ չենք սարքել:
Ս. Մ.-Մեկա չես կարող, ես քաղաքականության մեջ չեմ:
Լրագրող-Պարո՛ն Միքայելյան, Դուք ԵԿՄ նախագահն եք, Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ: Միշտ ԵԿՄ-ն եղել է բանակի կողքին: Հիմա Դուք քաղաքական իշխանության կողքի՞ն ե՞ք:
Ս. Մ.-Ո՞վ է ասել, ԳՇ-ն է ասե՞լ:
Լրագրող-Գլխավոր շտաբը բանակը չէ՞:
Ս. Մ.-ԳՇ-ն է արձանագրե՞լ, որ ես բանակի կողքին եմ:
Լրագրող-ԵԿՄ-ն միշտ եղել է բանակի կողքին, հիմա բանակի կողքի՞ն եք, թե՞ քաղաքական իշխանությանն եք պահում:
Ս. Մ.-Իմ հարցազրույցից պիտի հասկանայիք, որ ես ոչ մեկի չեմ պահում:
Լրագրող-Նիկոլ Փաշինյանին չե՞ք պաշտպանում:
Ս.Մ.-Ուրիշ բաներ մի խոսա, խնդրում եմ գնացեք:
Լրագրող- ԵԿՄ-ում բոլո՞րն են Ձեզ հետ համամիտ. շատերը դուրս են գալիս ԵԿՄ-ից:
Ս. Մ.-Խնդրում եմ՝ հեռացեք, գնացեք:
Լրագրող-Գլխավոր շտաբի հայտարարության մասին ի՞նչ կասեք:
Ս. Մ.- Դու ինձ նոր չես ճանաչում, քո խոսքով ինձ չես բերի խաղի մեջ, ես ասում եմ՝ այսօր այդ օրը չէ:
Այս պահին Անդրանիկ Քոչարյանը միջամտեց ու դիմելով Անի Գևորգյանին ասաց.
Ա. Ք. -Այս օրը չհարամի, չի կարա:
Հետո էլ Սասուն Միքայելյանը, կրկին դիմելով Անի Գևորգյանին, ասաց.
Ս. Մ-Վազգենից ես խոսում, չես ասում՝ այսօր Վազգենի ծնունդն է: Լսի՝ իմ հետ ես խոսում:
Լրագրող-Մի գոռացեք: Հարցնում եմ՝ Ձեզ համար մտահոգիչ չէ՞, որ Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվական գրոհներ են իրականացնում:
Սասուն Միքայելյանն այդպես էլ անպատասխան թողեց Անի Գևորգյանի հարցերը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ