Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնկալում ենք, որ սեղմ ժամկետներում ԿԲ-ն կտրամադրի համապատասխան թույլտվություն, և կկարողանանք կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով սպասարկել». «Հայփոստ»

Մարտ 05,2021 16:04
haypost

Վերջին շրջանում  «Հայփոստ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված:

Հարգելի կենսաթոշակառուներ, հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որևէ որոշման արդյունքում:

2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Բացի այդ գործող թոշակառուները կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխության դեպքում(լիազորված անձի փոփոխություն, կենսաթոշակի տեսակի փոփոխություն, հաշմանդամության կարգի փոփոխություն, կենսաթոշակ վճարման վերսկսում, կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնում, կենսաթոշակի վերահաշվարկում) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նույնպես ուղղորդվում են կենսաթոշակի անկանխիկ վճարման եղանակի:

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ դեռևս հոկտեմբեր ամսին դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը «Հայփոստ»-ի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռևս չի ավարտվել:
Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը «Հայփոստ»-ին կտրամադրի համապատասխան թույլտվություն, և «Հայփոստ»-ը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով:

Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձևակերպում իրենց կենսաթոշակը կամ կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխություն են կատարում:

Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է «Հայփոստ»-ը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ «Հայփոստ»-ի միջոցով:

«Հայփոստ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031