Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների շրջանում աճում են կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը

Մարտ 05,2021 14:39

Հայաստանում կորոնավիրուսի հիվանդության նոր դեպքերի կտրուկ աճ է գրանցվում։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։

Նա նշեց, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել էր հիվանդության 3487 նոր դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ աճել է 55%-ով, իսկ 2 օր առաջվա վերլուծության տվյալներով աճը կազմում էր 48%։

Ըստ տիկին Աբովյանի, աճել է նաեւ թեստերի դրական արդյունքների մասնաբաժինն ընդհանուր թեստավորվածների մեջ․ «Այս վերջին 14 օրվա ընթացքում դրական արդյունքների մասնաբաժինը կազմել է 7.6%, նախորդ 14 օրում այս ցուցանիշերը եղել է 5%։ Սա ոչ միայն ախտանշաններով անձանց թեստավորումն է, այլ այն քաղաքացիների, ովքեր ՀՀ-ից մեկնում են։ Իսկ ախտանիշերով անձանց շրջանում թեստավորման արդյունքները 41.3% է, այն դեպքում, երբ հունվարի 20-25-ին կար 9-11% դրական արդյունք ընդհանուր թեստերի մասնաբաժնում»։

Ռոմելլա Աբովյանի փոխանցմամբ՝ մինչեւ փետրվար ամիսը կար վարակի վերարտադրողականության 1-ից ցածր ցուցանիշ, ինչը նշանակում է, որ Հայաստանում համավարակի վիճակը կայուն էր, սակայն այս պահին այդ ցուցանիշն արդեն 1-ից բարձր է։

Վարակի նոր դեպքեր աճ է արձանագրվում նաեւ երեխաների շրջանում, մասնագետի ներկայացմամբ՝ 3-5 տարեկանների շրջանում աճը 1.08 անգամ ավել է, 6-17 տարեկանների շրջանում՝ 1.65 անգամ, այդ թվում՝ 6-8 տարեկանների շրջանում 3.3 անգամ, իսկ 18-23 տարեկանների շրջանում՝ 1.26 անգամ։ «Սրանք ախտանշաններ ունեցող եւ բուժհաստատություն դիմած անձանց տվյալներ են, որ վերլուծել ենք։ Բայց պետք է հաշվի առնել, որ երեխաների մոտ հիվանդությունը հիմնականում կարող է ընթանալ անախտանիշ, սակայն նրանք կարող են լինել վարակի տարածման աղբյուր»,-ասաց տիկին Աբովյանը։

Նա նաեւ նշեց, որ անվտանգության կանոնները շատ վայրերում եւ օբյեկտներում չեն պահպանվում․ «Մենք իրականացնում ենք վերլուծություն կազմակերպություններից ստացված դեպքերի տվյալները։ Որտեղ պահպանում են հակահամաճարակային կանոնները, այդտեղ հիվանդության դեպքերը կամ շատ քիչ են կամ չկան, ինչը չեմ կարող ասել այն կազմակերպությունների մասին, որտեղ կանոնները չեն պահպանում, այդ թվում՝ դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, հանրային սննդի օբյեկտներում, մեծածախ եւ մանրածախս առեւտրի կետերում, տոնավաճառներում, որտեղ ոչ մի կանոն չեն պահպանում՝ դիմակ չեն կրում, սոցիալական հեռավորություն չեն պահում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031