«Հայաստանի ներկայիս ներքաղաքական ճգնաժամը պայմանավորված չէ միայն Արցախի 44-օրյա պատերազմով: Դա համակարգային ճգնաժամ է»,- այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Բանախոսի դիտարկմամբ, Հայաստանի ներքաղաքական կյանքում այժմ առկա որոշ խնդիրներ նախկինում էլ կային: Դրանցից մեկն օրինակ, սահմանադրական բարեփոխումների խնդիրն է: Քաղաքագետը հիշեցնում է, որ այդ բարեփոխումները «ծնվեցին» Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, իսկ դրանց կիրարկումը տեղի ունեցավ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եւ շատ հարցեր, որոնք ժամանակին թերահավատություն էին առաջացնում եւ խիստ քննադատության էին արժանանում, այժմ ապացուցեցն իրենց «անաշխատունակ» եւ անպիտան լինելը:
Քաղաքագետի գնահատմամբ, ՌԴ-ում բավական ուշադիր եւ մեծ հետաքրքրությամբ են հետեւում ներհայաստանյան զարգացումներին, քանի որ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, բայց միաժամանակ, ՌԴ-ում լավ են հասկանում, որ Մոսկվան չպետք է խառնվի Հայաստանի ներքին գործերին`սատարելով կողմերից որեւէ մեկին, ինչի մասին քանիցս հայտարարվեց: «Ով էլ լինի Հայաստանում իշխանության ղեկին, Մոսկվան նրա հետ կաշխատի, քանի որ կան ռազմավարական հարաբերություններ»,- հայտարարեց Սերգեյ Մարկեդոնովը:
Քաղաքագետի գնահատմամբ, ցավոք, Հայաստանում պատշաճ ուշադրության չարժանացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը`ՀՀ երրորդ հանրապետության վախճանի եւ նոր`չորորդ հանրապետության անհրաժեշտության մասին: Իր դիտարկմամբ, այդ հոդվածում բավական ուշագրավ եւ կարեւոր արձանագրում կար այն մասին, որ երկար ժամանակ մենք վայելում էինք Արցախի պատերազմում տարած հաղթանակը`չմտածելով եւ չմտահոգվելով զարգացման ռազմավարության մասին: Ռուս քաղաքագետի գնահատմամբ`«ի՞նչ անել» հարցն այժմ էլ բավական սուր է կանգնած Հայաստանի առջեւ:
«Ակնհայտ է`որքան երկար է ձգվում այս ներքաղաքական ճգնաժամն, այնքան մեծանում է թերահավատությունը, որ ՀՀ իշխանությունները ունակ են իրապես կառավարել իրավիճակը, ունակ են համակարգային մտածել եւ ի կատար ածել որոշակի պայմանավորվածություններ: Այդ թերահավատությունը միշտ կլինի, բայց եթե այն շատ վառ արտահայտված էլ չլինի, ապա մշտապես կգտնվեն մարդիկ, ովքեր դրանք կկարողանան սրել, ընդ որում, ի վնաս Հայաստանի: Այդ պատճառով, իմ կարծիքով, այսօր ամենակարեւոր հարցը փոխզիջում գտնելն է, քանի որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն ներկայացնում հասարակության ամբողջական շերտը»,- գտնում է քաղաքագետը` հավելելով, որ նաեւ փոխզիջումային անձ պետք է գտնվի եւ իրադարձությունները չհասցվեն «եռման» աստիճանի, ինչը կարող է բերել հեղափոխության եւ քաոսի, իսկ քաոսային իրավիճակներից օգտվողներ միշտ կգտնվեն. «Կայունացումն անհրաժեշտ է, որպեսզի այնուհետ մանրակրկտորեն հնարավոր լինի զբաղվել տնտեսության վերականգնմամբ: Իսկ Հայաստանի տնտեսական օրակարգը բազմաշերտ է`ԵԱՏՄ-ին անդամակցություն, ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններ, ինչպես նաեւ այլ երկրների հետ երկկողմ հարաբերություններ եւ այլն»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման ծրագրերին, ինչի շուրջ այժմ եռակողմ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, Սերգեյ Մարկեդոնովն ասում է. «Մոսկվան, ի տարբերության մյուս խաղացողների, ռազմական գործողությունների ավարտին եւ հաշտեցմանը զուգահեռ՝ նաեւ փորձում է որոշակի կառուցողական ծրագրեր առաջարկել: Տրանսպորտային հանգույցների ապաշրջափակումը այդ երկարատեւ կոնֆլիկտի հանգուցալուծման կառուցողական տարրն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ