Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ է հարևան երկրի բողոքի հիման վրա սեփական երկրում լրագրողական աշխատանքը խոչընդոտող օրենսդրական կարգավորում մտցնելու փաստը. ՀՔԱՎ

Մարտ 05,2021 14:34

2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտոնական կայքում հրապարակվել էր «Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների» վերտառությամբ լրատվական նյութը, որում արտահայտված պահանջը սահմանում է լրագրողական աշխատանքի սահմանափակումներ։

ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ պայմանավորված անվտանգության նկատառումներով և ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացմամբ՝ տվյալ վայրերում լուսաբանման նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ ԱԱԾ՝ հաղորդագրության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Մասնավորապես` մենք հրավիրել ենք ԱԱԾ ուշադրությունը՝ պահանջի հիմքում ընկած իրավական հիմնավորումների վրա՝ փորձելով պարզել, թե ինչքանով է օրինական և իրավաչափ նման պահանջը։

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը, հետևապես` պետք է պատճառաբանված և հիմնավորված լինի, թե ինչ նորմատիվ իրավական ակտով է ՀՀ ԱԱԾ-ն իրավասու սահմանել ԶԼՄ-ների կողմից լրատվական նյութերի հրապարակման սահմանափակումները և ընթացակարգը։

ՀՔԱՎ-ը կարևորում էր ճշտել, թե Սյունիքի մարզի հատկապես որ տարածքների մասին է խոսքը և ինչ օբյեկտիվ անհրաժեշտությամբ է պայմանավորված իրադարձությունների լուսաբանման նման ընթացակարգի սահմանումը։

ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմը, պատասխանելով մեր գրությանը, հղում է կատարել ԱԱԾ կայքում հրապարակված հաղորդագրությանը, որում նշված է՝ հայտարարությունը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակ, և հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ։ ԱԱԾ-ն նաև հորդորում է «զերծ մնալ անհարկի շահարկումներից»՝ մեկնաբանելով, թե փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը մեծապես պայմանավորված է նաև լրագրողական գործունեության արդյունավետությամբ և անվտանգությամբ։

Ինչպես տեսնում ենք ԱԱԾ հայտարարությունից և մեր ստացված պատասխանից, ՀՔԱՎ-ը չի ստացել բարձրաձայնած հարցերից ոչ մեկի պարզաբանումը։

Լրագրողական աշխատանքի՝ գրավոր տարբերակով նախապես համաձայնեցումը և տարածված հայտարարության մեջ «լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ» և «պետք է նախապես գրավոր դիմել ՀՀ ԱԱԾ» ձևակերպումները հստակ ցույց են տալիս, որ պահանջին պետք է ենթարկվել, իսկ պարզաբանման մեջ փորձ է արվում այդ պահանջը ներկայացնել որպես բարի խորհուրդ՝ հիմնված լրագրողական աշխատանքի անվտանգության ապահովման վրա։

Տարօրինակ ենք համարում ԱԱԾ-ի այս մեկնաբանությունը։ Եթե հայտարարության պահանջը միտված չէ լրագրողական աշխատանքի սահմանափակումներին, ապա ինչո՞ւ է դեռևս 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հանրային քննարկման դրվել «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արգելվում է առանց համաձայնության, իսկ ավելի ճիշտ՝ առանց թույլտվություն ստանալու տեսանկարահանել սահմանակից պետության տարածքը և սահմանային տեղամասում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները։

Հիշեցնենք, որ նախագծի անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս: Բացի դրանից, ըստ ԱԱԾ-ի, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է համարում սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ։

Տարօրինակ է հարևան երկրի բողոքի հիման վրա սեփական երկրի տարածքում լրագրողական աշխատանքը խոչընդոտող օրենսդրական կարգավորում մտցնելու փաստը, մանավանդ, որ դա հակասում է տեղեկատվության ազատության սկզբունքին։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031