Ամերիկյան հեղինակավոր The Heritage Foundation վերլուծական կենտրոնը հրապարակել է տնտեսական ազատության 2021թ. համաթիվը, ըստ որի՝ Հայաստանը դասվում է «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։
Այսպես, Հայաստանը 71,9 միավորով զբաղեցրել է 32-րդը հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր ցուցանիշը 1,3 միավորով: Եվրոպական 45 երկրների շարքում էլ Հայաստանը 18-րդն է: Հայաստանի ընդհանուր միավորը բարձր է տարածաշրջանի և աշխարհի միջին ցուցանիշից:
Զեկույցի՝ Հայաստանին նվիրված հատվածում նշվում է, որ Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով երկար տարիներ տատանվում էր «չափավոր ազատ» և «հիմնականում ազատ» երկրների սահմանագծին: Հաշվետու ժամանակահատվածում ՀՆԱ աճը մնացել է բարձր:
Տնտեսական ազատության ավելի բարձր մակարդակ ինստիտուցիոնալացնելու համար մասնագետները Հայաստանի կառավարությանը խորհուրդ են տալիս ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի արդյունավետությունը և կառավարության թափանցիկությունը:
Կարդացեք նաև
Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 77.2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 70.1 միավորով 38-րդ հորիզոնականը՝ այդպիսով համարվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրներ:
Թուրքիան՝ 64.0 միավորով (76-րդ հորիզոնական), իսկ Ռուսաստանը՝ 61.5 միավորով (92-րդ հորիզոնական) «չափավոր ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում են:
Ընդհանուր առմամբ վարկանիշային աղյուսակում ներառվել է 178 երկիր: Ազատ տնտեսություն ունեցող երկրները 5-ն են՝ Սինգապուր, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Շվեյցարիա և Իռլանդիա:
Հետազոտությունը ներառում է հիմնականում 2019թ. երկրորդ կեսից 2020թ. առաջին կեսն ընկած ժամանակահատվածը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ