Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջախջախված, շարքից դուրս եկած, ցբխված իշխանություն է, գնացել եմ, ասել եմ՝ ԳՇ-ի հարցը լուծեք, կշեռքի ծանր կո՞ղմն եմ անցել». Մարուքյան

Մարտ 05,2021 13:16

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատեց իշխանականներին, որ ռեսուրս են ծախսում ու դատավորներին չեն ընտրում՝ ուղղակի քաղաքական բոյկոտի պատճառով. «Աբսուրդ է, վատնված ռեսուրս, վատնված շանսեր: Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահին, իրենք բոլորը գիտեն, որ Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ իմ հերոսը չի եղել, բայց դուրս է գալիս, որ երբ նրանք ուզում էին, որ նա լիներ ԲԴԽ նախագահ, երեւի մտածում էին, որ նա պիտի իրենց հրահանգները կատարի»:

Ըստ Մարուքյանի, ինդիկատոր է միջազգային կառույցների համար այն, որ երբ դատական իշխանությանը քննադատում են, իրենք ուրեմն լավ են աշխատում, եթե չեն բողոքում, ուրեմն իրենց ուզածն է:

Ինչ վերաբերում է Վարդազարյանի արտահայտությանը՝ «վնգստացող դատավորների» հետ կապված՝ Մարուքյանն ասաց, որ ինչ ցանում ես, դա էլ հնձում ես՝ հաշվի առնելով, որ պատգամավորները չեն դատապարտել «վնգստացող դատավորների» վերաբերյալ վարչապետի հայտարարությունը, իսկ ԲԴԽ նախագահն էլ նույն այդ արտահայտությունն իրենց դեմ է օգտագործել. «Ցանել ես վնգստացող դատավորներ, հետ է եկել վնգստացող դատավորներ, քիչ ցանեք նման բաներ, չեք էլ հնձի»:

Մարուքյանն ասաց, որ իրենք փնտրում են լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար, իսկ միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. «Կստացվի, կասենք՝ ջանք ենք ներդրել, չի ստացվի, կասենք՝ հասանք այս մակարդակի, բայց դա չեղավ: Ժողովրդի պահանջն է, որ փնտրենք լուծումներ, մարդիկ խելագարվում են այս վիճակից: Ամեն մեկը չի, որ կարող է տոմս առնել, գնալ: Մենք լուծում ենք փնտրում, մի ժամ լուծման մասին խոսակցություն եմ ես ունեցել վարչապետի հետ»:

Խոսելով վարչապետի հետ բանակցությունների մասին՝ Մարուքյանն ասաց. «Որ համաձայնություն լիներ, դուրս կգայի, կասեի՝ սիրելի լրագրողներ, ահավոր ուրախ եմ, եկեք գնանք մի տեղ նշենք, համաձայնություն կա: Դուրս եկա, ասեցի՝ չկա համաձայնություն, էլ ի՞նչ»:

Մեր հարցին՝ տաքսու վարորդը քիչ առաջ ասում էր՝ Մարուքյանն այս տիպի ընդդիմություն է, կշեռքի նժարի որ կողմը ծանր է, գնում է նրա կողմ, ի՞նչ կասեք այս մասին՝ Մարուքյանը պատասխանեց, թե կարող են լինել իրավիճակներ, որ չեն հասցնում մարդկանց պարզաբանել իրենց որոշումները. «Իսկ այդ մարդը կարո՞ղ է մի դեպք հիշի, որ մի կողմը ծանր է եղել ու պարն Մարուքյանն անցել է այդ կողմ: Երկրում հեղափոխություն էր, սաղ երկիրն անցել էր հեղափոխության կողմը, ով տանը ինչ դրոշ ուներ, ով Նիկոլի հետ ինչ նկար ուներ, հանել էր փողոց՝ պարոն Մարուքյանը ծանր կողմը չանցավ, այդ մարդը որտեղի՞ց փաստ ունի, որ ես երբեւէ մի օր ծանր կողմ եմ անցել: Հիմա էլ ջախջախված, շարքից դուրս եկած, ցբխված իշխանություն է, գնացել եմ ասել եմ՝ ԳՇ-ի հարցը լուծեք, կշեռքի ծանր կո՞ղմն եմ անցել: Ի տարբերություն շատ շատերի, Մարուքյանը հանդիպում է տեսախցիկների առաջ, շատերը հանդիպում, թեյ են խմում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031