Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Դագաղներ, ծաղկեպսակներ, նման բաներ ի հայտ են եկել ոչ թե 2018-ին, այլ 2008-ին, ներկայիս ընդդիմադիրների կողմից, երբ ծաղկեպսակ էին դրել առաջին նախագահի տան դիմաց». Ջուլհակյան

Մարտ 05,2021 12:52

ԲԴԽ նախագահին հարցախեղդ անելու հետ կապված այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իշխանությունը հնձում է այն, ինչ ցանել է:

Իմքայլական պատգամավորները, մասնավորապես Արուսյակ Ջուլհակյանը, արձագանքելով նրան՝ ասացին. «Պարոն Վարդազարյանն ասել է, որ կան վնգստացող դատավորներ ու գիտի նրանց անունները»: Իսկ Հայկ Կոնջորյանն ընդգծեց այն, որ Վարդազարյանն այդ արտահայտությունն արել է այն օրը, երբ իր մանկության ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի հարցն էր քննարկվում՝ վարչապետի նկատմամբ մահափորձ կատարելու հետ կապված. «Ես անձամբ պարոն Վարդազարյանին հարց տվեցի՝ եթե հնարավորություն ունենայիք հետ գնալ ու նույն տեքստը գրել, նույն ձեւակերպո՞ւմը կտայիք, ասաց, որ այո, նույն ձեւակերպումը կտայի»: Այսինքն, նա խնդիր չի տեսնում դրա մեջ»:

Այն, որ վնգստացող դատավորներ արտահայտությունը վարչապետն էր ասել, բայց դատափետեցին այդ արտահայտության համար Ռուբեն Վարդազարյանին՝ Սուրեն Գրիգորյանն այսպես բացատրեց. «Եթե անգամ վարչապետը նման բան է ասել, բացարձակապես պարտադիր չի, որ ԲԴԽ նախագահը կրկնի այդ խոսքերը եւ լեգիտիմացնի այդ կատեգորիան»: Ըստ նրա, վարչապետի ու ԲԴԽ նախագահի պաշտոնների մեջ տարբերություն կա ու այդ տարբերությունը պետք է նկատեն:

Ընդդիմությունը քննադատում է, որ Ռուբեն Վարդազարյանը այս իշխանության օրոք է նշանակվել, երբ «ձեռք էր տալիս», բերեցին, հիմա ուզում են հանել: Սուրեն Գրիգորյանն էլ պարզաբանեց, որ Վարդազարյանը դատական իշխանության կողմից է ընտրվել, ԱԺ-ն ոչ մի դերակատարում չուներ:

Հարցին՝ դուք չեք ընդունում, որ ինչ ցանել, այն հնձում եք, հենց այսօր ձեր պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց ծաղկեպսակներ են դրել, 2018-ին էլ ձեր աջակիցներն էին դա անում՝ Կոնջորյանը պատասխանեց, որ թե նախկինում, թե՛ հիմա նման գործելաոճը իրենք չեն ընդունում: Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ այն, որ հեղափոխության գործընթացին կարծես աջակցող մարդկանց կողմից նման քայլեր եղել են, դա մի բան է, մեկ այլ բան է պնդել, որ հարթակում կանգնածները որեւէ հավանության արժանացնեն դա. «Նման բան չի եղել»:

Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց. «Նման երեւույթները՝ դագաղներ, ծաղկեպսակներ, նման բաներ ի հայտ են եկել ոչ թե 2018-ին, այլ՝ 2008-ին, ներկայիս ընդդիմադիրների կողմից, երբ ծաղկեպսակ էին դրել առաջին նախագահի տան դիմաց, մի ամբողջ հուղարկավորություն էին կազմակերպել: Ես այդ երեւույթը դատապարտել եմ ե՛ւ 2008-ին, ե՛ւ 2018-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031