«Առանց մեզ չի կարող լուծարվել խորհրդարանը, առանց ԲՀԿ-ի»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Իսկ ԲՀԿ-ականները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը՝ համաձայն կլինե՞ն հրաժարվել իրենց պայմանավորվածություններից «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում ու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չառաջադրել:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ առայժմ քննարկումներ չեն ունեցել: Հարցին՝ որոշում ունե՞ք, որ չեք առաջադրի Վազգեն Մանուկյանին՝ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված քննարկում չենք ունեցել, այդ որոշումը պետք է քաղաքական խորհրդում քննարկվի, նոր քաղաքական դիրքորոշում ունենանք: Այս պահին ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը հայտնել»:
Կարդացեք նաև
Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ ճգնաժամ կա, օրական 5-7 մլն դոլար ենք կորցնում, պետական կառավարման համակարգը չի գործում ու ճգնաժամը պետք է լուծվի:
Իվետա Տոնոյանն ասաց, որ 3 օր ԲԴԽ նախագահի շուրջ քննարկում էր ԱԺ-ում, ինչը ԱԺ ռեսուրսի վատնում է, մենք կարո՞ղ էինք այս պայմաններում նման բան մեզ թույլ տալ՝ մանավանդ, երբ հանգուցալուծում չեղավ. «3 օր շարունակ ԲԴԽ նախագահին անարգանքի սյունին գամելով էին լծված»:
Ըստ Տոնոյանի, իրավիճակը պայթյունավտանգ է, ադրբեջանական զինուժը նոր դիրքավորումներ է ամրապնդում, նոր խրամատներ է փորում Սյունիքում, ինչը չեն հերքում նաեւ իշխանականները. «Սյունիքի դարպասները բաց են թշնամու առաջ, մինչդեռ ԱԺ դարպասները զոդվում են ժողովրդի առաջ»:
Aravot.am-ը հարցրեց՝ դուք հարթակից բազմիցս հայտարարել եք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է եւ հանձնել է հողերը, դուք շարունակո՞ւմ եք մնալ այդ դիրքորոշմանը, եթե այո, ապա ինչպե՞ս եք դիտարկում «դավաճանի» հետ բանակցելու, պայմանավորվածության գալու հարցը՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ իրադարձությունները անասելի արագ են զարգանում: Նա հորդորեց այս պահին այդ հարցին չանդրադառնալ: Մեր դիտարկմանը, որ ստացվում է՝ երբ «բարիշեք», կասեք դավաճան չի, քաղաքական առեւտուր եք անում՝ Տոնոյանը պատասխանեց, որ այստեղ առեւտրի հարց չի, քաղխորհրդի որոշում պետք է կայացնեն, որը կլինի առաջիկա օրերին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ