Հայաստանի շախմատի հավաքականի եւ շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանն օրեր առաջ մի հուզիչ տեքստ էր գրել՝ նկարագրելով, թե ինչ է կատարվում շախմատում 2018 թվականից հետո, եւ ափսոսանք էր հայտնել, որ հեռանում է Հայաստանից ու այլեւս հանդես չի գալու Հայաստանի դրոշի ներքո․ նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ մշտական բնակության։ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հայտնել էր, թե տեղյակ չէ՝ կառավարությունը փոխանցե՞լ է խոստացված 133 հազար 200 դոլարը, որը վարչապետը խոստացել էր տրամադրել Արոնյանի համար գերհզոր համակարգչի ձեռքբերման եւ անձնական մարզչի ֆինանսավորման համար, որպեսզի նա պատրաստվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին։ Հիշեցնենք, որ այս գումարի չտրամադրելն էր նաեւ դարձել Արոնյանի նեղանալու պատճառներից մեկը։ Մենք զրուցեցինք Շախմատի ֆեդերացիայի վարչության անդամ Հովիկ Խալիկյանի հետ, ում աշակերտն է եղել Լեւոն Արոնյանը։
– Այնուամենայնիվ, այդ թանկարժեք գերհզոր համակարգչի եւ մնացած տողերի համար գումար փոխանցվե՞լ է։
– Որքան տեղյակ եմ՝ այս կառավարությունը գումար տվել է։
Ասեմ, որ նախորդ կառավարությունը շատ ավելի շատ գումարներ էր տալիս, լկստվացնում էր։ Բնական է, որ էս կառավարությունը, որ չի տալիս (այնքան, ինչքան նախկինում)․․․․ թեեւ ասեմ, որ ինքն արժանի էր էդ ամեն գումարներին, որովհետեւ հայրենիքի համար են էդքան գործ անում։ Բայց այդ ամենը, կոմպյուտեր-բան, հիմնական պատճառը չեն, որ գնացել է։ Չեմ ուզենա, որ Արոնյանի նման շախմատիստը նսեմացվի, ասեն՝ կոմպյուտեր չեն տվել, գնում ա։ Արոնյանը լուրջ տղա է, հայրենասեր տղա է, ու դա չէ պատճառը, որ ինքը Հայաստանից գնում է։
Ի դեպ, ես իմ աջ ձեռքով եմ տվել կաշառքը՝ Արոնյանին հայ սարքել․․․ ե՛ւ Արոնյանին, ե՛ւ Գարրի Կասպարովին։
– Իսկ ի՞նչն է հեռանալու պատճառը։
Կարդացեք նաև
– Մթնոլորտը։ Շախմատի ֆեդերացիայի մթնոլորտը բարդակ է։ Ասեմ նաեւ, որ ֆեդերացիայում կա մի ընդդիմություն, դա ես եմ՝ որ իմ ստեղծած շախմատի համակարգը քանդեցին։ Էդ թիմը, որ էդքան չեմպիոններ տվեց, դա իմ թիմն է, իմ դպրոցի, շախմատի օլիմպիական հերթափոխի դպրոցի թիմն է։ Իմ անձնական աշակերտներն են, իմ քափուքրտինքն է։ Հետո տվեցինք Սերժին, ինքը քաղաքականացրեց, ասին՝ երկրի նախագահ է, թող քաղաքականացնի, բայց ես բազմիցս Սերժին ասել եմ, որ շախմատի հերն անիծում եք, այդ թվում՝ շախմատը դպրոցներ մտցնելով։
– Այսինքն՝ Դուք ընդդիմություն եք եղել թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ, թե՛ նորերի՞։
– Չէ, նորերի հետ առանձնակի բան չեմ ունեցել։ Բայց նորերը, որ եկել են, Շախմատի ֆեդերացիա հլը չեն հասցրել մուտք գործել, էլի։ Փորձեցին ինչ-որ քայլեր անել, ինչ-որ լուծումներ տալ, դիմադրության արժանացան էն… սպորտն ո՞վ էր ղեկավարում, Արայիկ Հարությունյանի կողմից։ Մենք լավ ծրագիր էինք արել՝ շախմատը վերակենդանացնելու՝ Մխիթար Հայրապետյանի հետ։ Դե, ուժերը Մխիթարի չպատեցին։ Բան չունեմ ասելու, Արայիկի վրա չկարեցավ։ Շախմատի մթնոլորտը դարձավ տենց կեղտոտ մթնոլորտ։ Մյուսներն էլ․․․ հո մենակ Արոնյանը չէ, Տիգրանն էլ ուզում է գնա, Գաբին էլ։ Սաղ էլ կթողնեն կգնան։
– Բա այդպես ո՞նց կլինի։ Չէ՞ որ Հայաստանը եղել է շախմատային գերտերություն։
– Հայաստանն այլեւս շախմատի գերտերություն չէ ու չի կարա լինի, որովհետեւ Լպուտյանի գլխավորած շախմատը շախմատը տարավ կործանման։ Էսօր շախմատի համար մեկ տոռմուզը Սմբատն ա՝ իր քաղաքականությամբ ավերեց շախմատը, քաշվեց մի կողմ։
– Իսկ Մխիթար Հայրապետյանն ի՞նչ էր ուզում անել ֆեդերացիայում։
– Մխիթարի անձը հարգելով հանդերձ, Ձեզ ասեմ՝ իր ուժերը չէին պատի անել էն բարեփոխումները, ինչ որ կարար աներ երկրի նախագահը։ Այսինքն՝ շախմատիստները լկստված էին, իրենք սովոր էին՝ երկրի նախագահը 10-15 տարի ուշադրություն է դարձրել։ Ինչ փողեր պետք է եղել, տվել է, ում պետք է՝ ասել, նվեր, բան, Մխիթարն էս հնարավորությունները չունի։ Ավելին, ինքն իր թիմի մեջ հակառակորդներ ունի։ Արայիկն իրեն թշնամություն էր անում։ Մխիթարը շատ լավ բաներ էր ուզում անել։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: