Մայր Աթոռի կողմից ներկրվող ապրանքների, մասնավորապես՝ մոմի հումքի մաքսազերծման հարցում խնդիրներ են առաջացել։ Այս մասին օրեր առաջ արձանագրել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհուրդը տեղի ունեցած ժողովի ժամանակ:
Մոմի արտադրության համար անհրաժեշտ հումքը մեր երկիր ներկրվում էր Պարսկաստանից եւ Չինաստանից:
«Հայկական ժամանակը» Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանից հետաքրքրվել է, թե մոմի հումքի մաքսազերծման հարցում մասնավորապես ի՞նչ խնդիրներ են առաջացել եւ ինչի՞ հետեւանքով: Ավագ քահանայի փոխանցմամբ՝ մոմը իբրեւ ծիսական պարագա ազատված է ավելացված արժեքի հարկից, սակայն, պարզվում է՝ նույն մոմի արտադրության համար անհրաժեշտ ներկրվող հումքը՝ պարաֆինը, պետք է մաքսազերծվի։
Նախկինում ՀՀ կառավարությանը կից գործող բարեգործական հանձնաժողովի կողմից եկեղեցու՝ այս նպատակով պարաֆինի ներմուծումը ճանաչվում էր բարեգործական, և, ըստ այդմ, էին կազմակերպվում մաքսային ընթացակարգերը։ Սակայն 2018 թվականից առ այսօր ՀՀ կառավարության Բարեգործական խորհրդակցական հանձնաժողովի կողմից ներկրված պարաֆինը բարեգործական չի ճանաչվում, ինչն էլ խնդիրներ է ստեղծում։ «Եթե սկզբնապես՝ մինչեւ խնդրի լուծումը, թույլ էր տրվում ապրանքը տեղափոխել Մայր Աթոռ, ապա վերջերս նաեւ դա արգելվեց»,- նկատում է Տեր Վահրամը՝ հավելելով՝ փոփոխությունը հանգեցրել է պարաֆինի պաշարների սպառման։
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ՝ այժմ մոմի արտադրությունը կանգնեցված է: Հասկանալի է, որ արտադրված մոմի պաշարն էլ անվերջ չէ, եւ առաջիկայում եկեղեցիներում մոմավառության արդյունավետ կազմակերպումը լուրջ դժվարություններ կառաջացնի:
Տեր Վահրամի կարծիքով՝ խնդիրը համապատասխան օրենսդրության սխալ մեկնաբանության մեջ է։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: