Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում և՛ պետական դավաճանության, և՛ սահմանադրական կարգը տապալելու համար մեկ մարդ պետք է պատասխան տա». «Ժամանակ»

Մարտ 05,2021 10:33

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն է սահմանադրական կարգը տապալելը։

Սահմանադրական կարգի տապալման հոդվածով քրեական գործը, ինչպես և նախօրեին պետական դավաճանության վերաբերյալ քրգործը, հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում:

Արցախում գործող ամենամեծ ու ակտիվ հասարակական կազմակերպության՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, ոչ էլ իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը որևէ հաղորդում է ներկայացրել Արցախում սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ։ «Ես մի բան կարող եմ ասել, որ սահմանադրական կարգի տապալում Արցախում իրականացվել է Արցախի նախագահի կողմից՝ ՀՀ վարչապետի աջակցությամբ։ Մնացած հանցագործությունները ուրիշների կողմից ոչ մի բան են՝ համեմատած այդ երկու անձանց գործած հանցագործության հետ։

Հետևաբար՝ դատախազությունը պետք է անհապաղ քրեական գործ հարուցի Արցախի նախագահի ու ՀՀ վարչապետի նկատմամբ»,- ասաց Օհանջանյանը՝ հավելելով. «Արցախն ուներ 12 հազար կիլոմետր տարածք, իսկ պատերազմից հետո ի՞նչ է մնացել։ Սա ի՞նչ է, եթե ոչ հանցագործություն, որը կատարվել է երկրի նախագահի ու Զինված ուժերի կողմից, որոնք չենք կարողացել պահպանել մեր պետականությունը։

Սրանից ավելի մեծ հանցագործություն գոյություն չունի, և երկրի նախագահը պետք է պատասխան տա այդ հանցագործության համար»։

Իրավապաշտպանի համար տարօրինակ է, որ քրեական գործերի հարուցումը կապվում է հասարակական կազմակերպությունների հետ։ Նրա խոսքերով՝ դա մանիպուլյացիա է։ «Ես եմ ղեկավարում Արցախում առաջին հասարակական կազմակերպությունը։ Ինչո՞ւ ես տեղյակ չեմ այդ քրեական գործից։ Բա ինչպե՞ս է ստացվում, որ դատախազությունն ասում է՝ հասարակական կազմակերպություններն են դիմել, բայց ՀԿ-ները տեղյակ չեն դրանից։ Ես կարծում եմ, որ պարզապես փորձ է արվում ՀԿ-ների անունը շահարկելով ցույց տալ, որ նման աղմկոտ քրեական գործեր են հարուցվել, որոնք կարճ ժամանակ անց կկարճվեն։ Դա էլ է տգիտության նշան»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031