Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ են մտածում տանը նստածները

Մարտ 05,2021 10:00

Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի իշխանություն-ընդդիմություն ներկայիս դիմակայությունը, մենք՝ որպես հասարակություն, ունենք լուրջ խնդիր, եւ այդ խնդիրը մեր մեջ է. թուրքերը, ռուսները եւ մնացածներն այստեղ կապ չունեն:

Խնդիրն այն չէ, թե քանի հոգի է դուրս գալիս փողոցներ կամ հրապարակ՝ այս կամ այն կողմից: Խնդիրը նրանց մեջ է, որոնք այսօր ոչ մի հրապարակ դուրս չեն գալիս, կամ, որը նույնն է, դուրս են գալիս «նաչալստվայի» սպառնալիքի կամ փողի դիմաց՝ վերջիններիս գումարում եմ դուրս չեկողների թվին: Հանուն իշխանության կամ «իշխանապահպանության» անկեղծ պայքարողների թիվն, ի վերջո, մի քանի տասնյակ հազար է: Ինչպես էլ հաշվես, Հայաստանի ակտիվ տարիքում գտնվող քաղաքացիների 10 տոկոսից պակաս: Բա մնացա՞ծը:

Փորձեմ ներկայացնել այդ «մնացածի» միջին վիճակագրական ընդհանրացված դիմանկարը: Նա մի անձնավորություն է, որը 2017 թվականի ընտրությունների ժամանակ (եւ դրանից առաջ) «հանգիստ խղճով» վերցրել է 10-20 հազարը եւ քվեարկել է ՀՀԿ-ԲՀԿ-ի օգտին, այնուհետեւ 2018 թվականի գարնանը մեծ խանդավառությամբ փակել է փողոցները եւ անեծքը շուրթերին «մերժել է» նույն ՀՀԿ-ին, իսկ հետագա երկուսուկես տարիների ընթացքում հիասթափվել է (նույնիսկ պատերազմում պարտությունից անկախ) ներկա իշխանությունից՝ շարունակելով մերժել նախորդին:

Այդ մարդը խիստ կասկածում է, որ Հայաստանին նոր հեղափոխություն է պետք, քանի որ ա/ նա վախենում է, որ արդյունքում «նախկինները կգան», եւ բ/ նախորդ հեղափոխությունից ոչ մի «խեր» չի տեսել:

Իշխանությունն ու ընդդիմությունը հիմա պայքարում են այդ տեսակի մարդկանց համակրանքի համար, բայց նա «համառորեն» չի ուզում որեւէ կողմին աջակցել: Բացառված չէ, իհարկե, որ ներկա իշխանությունը որոշի ընտրություններ անցկացնել եւ իր հպատակ «նոր» օլիգարխիայի միջոցով դարձյալ 10-20 հազար բաժանել եւ վարչական լծակ օգտագործել (այստեղ են ասում, որ նորը լավ մոռացված հինն է): Բայց փորձը ցույց է տալիս, որ դա էլ ոչ մի խնդիր չի լուծում եւ ավելին՝ ընտրակաշառք վերցնելու կամ տեղամաս «քշվելու» արդյունքում նվաստացող քաղաքացին խիստ բացասական զգացմունքներով է լցվում իրեն կաշառողի կամ քշողի հանդեպ:

Իսկ խորքային խնդիրն այն է, որ մարդիկ ինչ-որ մեկին մերժում են, երկրպագում են կամ հիասթափված են, բայց չունեն չափանիշներ, կողմնորոշիչներ, թե ինչի համար պետք է մերժել կամ ընդունել: Առասպելները, կոմպրոմատները կամ հռետորական արվեստը հաշիվ չեն: Պետք են ավելի լուրջ եւ համընդհանուր հիմքեր, որոնք միավորում էին տարբեր կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերին եւ հարյուր հազարավոր մարդկանց: Այդպիսի գաղափարներ ի հայտ եկան 1988 թվականին եւ օգնեցին մեզ հաղթել պատերազմում: Հետագա տարիների ընթացքում այդ գաղափարները մահացել են, իսկ նորերը չեն ծնվել: Ահա թե ինչի մասին է պետք մտածել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Այս էլ որերորդ հրապարակմամբ բավականին ցածր կարծիք եք հայտնում մեր մասին: Ներկայացնեմ ձեր տեսակետից տարբեր մոտեցում:
    Տանը նստած մարդիկ նրանք են, որ ինչպես ասում են, մեռան բացատրելով, որն է ճիշտը բայց նրանց չի լսում իշխանությունը՝ ոչ մերժված, ոչ մերժած: Հիմա այդ մարդիկ ուղղակի իրենց ընտանիքի համար են ապրում: Հասկանում եմ, որ օրհասական է պահը, բայց մարդկանց չեն լսում: Հիշեք Մովսես Հակոբյանի ասածը՝ վարչապետի կինը հրամաններ էր տալիս վաստակաշատ զինվորականների: Ոչ բոլորն են պայքարող, մարդ կա ուզում է աշխատել, չեն թողնում, ինքն էլ մի կողմ է քաշվում եւ ուղղակի ապրում: Ես էլ այդ տեսակն եմ: Սեւակն ասում էր. ինչու գլխով խփել պատին, պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ:

    Ես չեմ ուզում, որ իմ ճակատը վնասվի: Հիմա ապրում եմ իմ ընտանիքի համար: Առաջարկում եմ չմոռանալ, որ այս տեսակն էլ կա Հայաստանում ու մի հատ էլ այս մարդկանց մասին գրեք:

  2. Իրատես says:

    Մեզ մոտ առաջնահերթ է վստահությունը քաղաքական գործչի խոսքերի նկատմամբ։
    Եթե չես վստահում X գործչի խոսքերի անկեղծությանը՝ ի՞նչ նշանակություն ունի թե ինչ գաղափարներից է խոսում այդ գործիչը։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031