Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնելիությունը խիստ ցածր է. 2-3 երեխան էլ չի բարելավի ժողովրդագրությունը

Մարտ 05,2021 14:00

Սոցապ նախարարությունը 4 եւ ավելի երեխա ունեցողներին՝ դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն կտրամադրի, որպեսզի ծնելիությունը խթանի

Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բազմազավակ ընտանիքների համար լրացուցիչ աջակցության նոր ծրագիր է նախաձեռնել: «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման:

Սա, ոլորտի պատասխանատուների ներկայացմամբ, հնարավորություն կտա հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ եւ հաջորդ երեխայի ծնունդը։ Համաձայն նախագծի՝ չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի/տան տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական եւ մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Նախագծի հեղինակները նախագծի անհրաժեշտությունը պայմանավորում են նախեւառաջ՝ ծնելիության ցածր մակարդակի հետ: «Այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն եւ հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման: Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման եւ պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլեւ ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ նույն աղբյուրի, 2012-2019 թթ. ընտանիքներում ծնված չորրորդ երեխաների թիվն աճել եւ կազմել է 8233 երեխա, ի տարբերություն 2004-2011թթ՝ 6560-ի։ 2009թ. ընդհանուր երեխաների կարգաթվում չորրորդ երեխաները կազմել են ընդհանուրի 1,9 տոկոսը, 2019թ.-ին՝ 3,5-ը, սակայն 2019թ.-ի ցուցանիշը բավականին զիջում է 1990 թ.-ին՝ 5,8 տոկոս։ 2009 թ.-ից հետո 4-րդ եւ հաջորդ երեխաների թվի աճը հիմնականում պայմանավորված է նաեւ այն հանգամանով, որ 2009 թ. 3-րդ եւ հաջորդ երեխաների միանվագ դրամական նպաստը դարձավ 430 հազար, իսկ 2014թ.-ից 3-րդ եւ 4-րդ երեխաների համար 1 մլն, իսկ 5-րդ եւ հաջորդների համար՝ 1,5 մլն դրամ։

«5-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդը առավել խնդրահարույց է, քանի որ շատ քիչ ընտանիքներ են գնում այդ քայլին։ 2019թ.-ին 5-րդ եւ հաջորդ երեխաների թիվը կազմել է ընդհանուրի 1 տոկոսը, թեև 1990 թ.-ին այն կազմել էր 3.2 տոկոսը։ 2019 թ. տվյալներով 3-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդը կազմել է ընդհանուրի 24,9 տոկոսը, թեեւ վերջին տասնամյակում իրականացված հետազոտությունները փաստում են, որ վերարտադրողական տարիքում գտնվող ընտանիքների կանայք եւ տղամարդիկ առավելապես հակված են երեք եւ ավելի երեխա ունենալուն՝ համապատասխանաբար 42.8 եւ 38.6 տոկոս դեպքերում։ Միաժամանակ, հարկ է նշել, որ մոտակա տասնամյակում վերարտադրողական ակտիվ շրջան է մուտք գործում 1990-ական թթ. երկրորդ կեսին ծնված սերունդը, որոնք 40 տոկոսով ավելի քիչ են, քան 1980-ական թթ. ծնվածները։ Սա նշանակում է վերարտադրողական պոտենցիալի նշանակալի նվազում, որը կարող է միայն փոխհատուցվել ընտանիքներում 4-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդով։

Այս առումով կարիք կա բարձրացնել 4-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդը խթանող ժողովրդագրական քաղաքականության հասցեականությունը, քանի որ ներկայումս գործող բազմազավակ ընտանիքների աջակցման սակավաթիվ ծրագրերը, չհանդիսանալով բազմազավակության խրախուսման միջոց, ընդամենը լուծում են արդեն իսկ դժվարին կացության մեջ հայտնված այդ ընտանիքների որոշակի խնդիրները»,-փաստում են սոցիալական ոլորտի պատասխանատուները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031