Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցանկացած անձ կարող է պարզել անձնական տվյալների ավտոմատացված ֆայլի գոյությունը

Մարտ 05,2021 13:30

Սահմանադրական դատարանն արդեն իսկ նշանակել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության օրը:

Այն նշանակվել է ապրիլի 13-ին, գրավոր ընթացակարգով, դատարանն աշխատակարգային որոշմամբ զեկուցող է նշանակել դատավոր Վահե Գրիգորյանին:

Մինչ այդ, այս տարվա հունվարի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հավանություն է տրվել կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, դիմել են ՍԴ, եւ Սահմանադրությանը համապատասխանելու դեպքում այն ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով: Այս նույն որոշմամբ, կառավարության ներկայացուցիչը ՍԴ-ում արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է:

Փորձեմ ներկայացնել կոնվենցիան, տվյալների պաշտպանության ընդհանուր սկզբունքները, կողմերի պարտականությունները, որոնք իմանալը քիչ կարեւոր չէ նաեւ լրատվամիջոցների համար, որոնք հաճախ գործ ունեն տվյալների ձեռքբերման հետ՝ համաձայնությամբ եւ նաեւ առանց դրա:

Ըստ կոնվենցիայի. «Ավտոմատ մշակման ենթարկվող անձնական տվյալները պետք է.

ա. ձեռք բերվեն եւ մշակվեն արդար ու օրինական ճանապարհով,
բ. պահպանվեն հատուկ եւ օրինական նպատակների համար ու չօգտագործվեն այլ նպատակներով,
գ. լինեն համարժեք, համապատասխան եւ չգերազանցեն դրանց պահպանման նպատակների սահմանները,
դ. լինեն ճշգրիտ եւ անհրաժեշտության դեպքում պահվեն թարմացված վիճակում,
ե. պահպանվեն այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս նույնականացնել տվյալների սուբյեկտներին` ոչ ավելին, քան անհրաժեշտ է այդ տվյալների պահպանման նպատակներով»:

Սահմանվել է նաեւ. «Անձնական տվյալները, որոնք բացահայտում են ռասայական ծագումը, քաղաքական կարծիքները կամ կրոնական կամ այլ համոզմունքները, ինչպես նաեւ առողջությանը կամ սեռական կյանքին առնչվող անձնական տվյալները չեն կարող մշակվել ավտոմատ կերպով, եթե ներպետական իրավունքը չի ապահովում համապատասխան երաշխիքներ: Նույնը կարող է կիրառվել դատվածությանն առնչվող անձնական տվյալների նկատմամբ»:

Կոնվենցիայով հնարավորություն է տրվում ցանկացած անձի՝ պարզելու անձնական տվյալների ավտոմատացված ֆայլի գոյությունը, դրա հիմնական նպատակները, ինչպես նաեւ ֆայլի վերահսկիչի ինքնությունը, բնակության եւ աշխատանքի հիմնական վայրերը, անգամ՝ «անհրաժեշտության դեպքում հասնելու այդ տվյալների ուղղմանը կամ ոչնչացմանը, եթե դրանք մշակվել են ներպետական իրավունքի դրույթների խախտմամբ», օգտվելու իրավական պաշտպանությունից, եթե ուղղումը կամ ոչնչացումը չի կատարվել:

Կոնվենցիայով խոսք կա նաեւ սահմանափակումների մասին. Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ եւ 8-րդ հոդվածների դրույթներից շեղումը պետք է թույլատրվի, երբ «Կողմի օրենքով» նախատեսված է նման շեղում եւ սահմանում է անհրաժեշտ միջոցներ ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակության անվտանգության, պետության դրամական շահերի պաշտպանության կամ հանցագործությունների ճնշման:

Կոնվենցիայում, սակայն, խոսք անգամ չկա անձի՝ «մոռացված լինելու» իրավունքի մասին, որը հայտնի է այսօր համացանցային դարաշրջանում նաեւ «առցանց կամ վիրտուալ մահվան իրավունք» կամ «ջնջվելու իրավունք»՝ համացանցային տվյալների հասանելության սահմանափակման:

«Մոռացված լինելու իրավունքի» հիմքում ընկած է ԵԴ՝ 2014թ. մայիսի 13-ի գոնսալեզյան որոշումը: Իսպանական պարբերականներից մեկը հրապարակել էր հոդված Իսպանիայի քաղաքացի Մարիո Գոնսալեզի մասին, մասնավորապես, կային տեղեկություններ նրա հարկային պարտավորություններից խուսափելու մասին:

Գոնսալեզը դիմել էր Իսպանիայի «Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը»` պահանջելով, որ պարբերականն իր կայքից հեռացնի վերոնշյալ հրապարակումը, կամ՝ տեխնիկապես անհնար դարձնի այդ տվյալների ի հայտ գալը որոնողական համակարգերում: Գոնսալեզը փաստել էր, որ որոնողական համակարգով իր անունն ամեն անգամ փնտրելիս այդ հրապարակումը հայտնվում է, սակայն այդ տվյալներն այլեւս հին են, քանի որ նա վաղուց մարել էր իր հարկային պարտավորությունները, եւ տարիներ շարունակ այդ ժամկետանց տվյալները բացասաբար էին ազդում նրա վրա:

Գոնսալեզի գործով ԵԴ-ն իր որոշմամբ հաստատել է մարդու՝ մոռացված լինելու իրավունքը: Ի դեպ, մենք նման խնդրի առաջ կանգնեցինք, երբ «Առավոտին» դիմել էր քսանհինգ տարի առաջ դատապարտված անձը, որը խնդրում էր ուղղակի ջնջել իր անձնական տվյալը՝ նախկինում դատված լինելու վերաբերյալ:

Ափսոս, որ անչափ կարեւոր քննարկման համար սահմանվել է գրավոր ընթացակարգ:

Նշեմ, որ Հայաստանում գործող լիազոր մարմինը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտման դեպքում կարող է վարչական պատասխանատվության ենթարկել՝ կապված անձնական տվյալների հավաքման, ձայնագրման, մուտքագրման, համակարգման, կազմակերպման, ուղղման, պահպանման, օգտագործման, վերափոխման, վերականգնման կամ փոխանցման օրենքով սահմանված կարգը խախտելու, անձնական տվյալները ոչնչացնելու կամ ուղեփակելու օրենքով սահմանված կարգը խախտելու, անձնական տվյալներ հավաքելու ընթացքում անձնական տվյալների սուբյեկտի պահանջով մշակողի կողմից օրենքով նախատեսված տեղեկատվություն չտրամադրելու, գաղտնագրման միջոցներ չօգտագործելու համար:

Թերեւս, ամենամեծ «պատժաչափը» անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում կամ դրա ավարտից հետո անձնական տվյալներ մշակողների կամ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված այլ անձանց կողմից անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելու համար է սահմանված, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031