Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարեւորում անձիս հետ կապված՝ ծննդյան, թե ստեղծագործական կլոր թվերի հանրայնացումը»

Մարտ 05,2021 12:30

Հարցազրույց վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանի հետ

– Պարոն Կարապետյան, 2020թ. պարի պետականի արվեստին հասկանալի պատճառով հետեւում էինք առցանց, հետո՝ պատերազմ… Վերջապես օրերս հանդիպեցինք հայտագրի, որը տեղեկացնում է մարտի 28-ին Ազգային օպերային թատրոնում «Զարթոնք» խորագրով անսամբլի կայանալիք համերգի մասին։ Կարծում էինք, որ հայտագրում նշված կլիներ երեկոն ձեր ծննդյան 70-ամյակին նվիրելու հանգամանքը…

– Շնորհակալ եմ ուշադրության համար, բայց ես երբեւէ չեմ կարեւորել անձիս հետ կապված՝ ծննդյան, թե ստեղծագործական կլոր թվերի հանրայնացումը։ Իսկ կայանալիք համերգին պարի պետականի հրավերով հանդիսատեսին կներկայանա նաեւ Արցախի պարի պետական անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է Մհեր Բաբայանը։

– Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ դուք պարի պետականի գլխավոր բալետմայստերն եք արդեն 13 տարի։ Մինչ այդ էլ անսամբլում հանդիսացել եք որպես փորձավար եւ խորեոգրաֆ։

– 1995-ն էր, երբ ինձ անսամբլ հրավիրեց այն տարիների գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Սուրեն Չանչուրյանը։ Սկզբում մեկ-երկու բեմադրություն իրականացրի, այնուհետեւ, դարձյալ Չանչուրյանի հրավերով, ստանձնեցի անսամբլի փորձավարի եւ խորեոգրաֆի աշխատանքը։

– Ասում են ձեր՝ իբրեւ պարողի բեմական կյանքը կարճատեւ է եղել։

– Չէի ասի։ 1976 թվականից 19 տարի հանդես եմ եկել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում։

– Մենք քանիցս անդրադարձել ենք պարի պետական անսամբլին, նշել, որ բացի ձեր բեմադրություններից, պարացանկում տեղ են գտել Գագիկ Գինոսյանի, Գյումրիից Սամվել Գասպարյանի, Ֆրանսիայից Արմեն Չիլոյանի, Վրաստանից Մուրո Գագոշիձեի բեմադրությունները նույնպես։ Հետաքրքիր է՝ այս համերգի ընթացքում կտեսնե՞նք նոր բեմադրություններ։

– Ժամանակ առ ժամանակ մեր պարացանկը թարմացվում է, ունենք նոր համարներ նույնպես, օրինակ՝ «Շորոր» եւ հարսանեկան պարերի շարանը՝ իմ բեմադրությամբ, բայց քանի որ մենք երբեք հանդիսատեսին չենք ներկայացել ֆոնոգրամայով եւ ունենք հիանալի երաժշտական մաս, որը ղեկավարում է կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը, այս պահին չեմ կարող ասել՝ նա կհասցնի՞ ստեղծագործությունների գործիքավորումը։ Նշեմ նաեւ Զանգեզուրի շրջանի եւ «Պար Արարատյան» համարների մասին, որոնք սինթեզ են դասականի եւ ժողովրդական մեղեդիների։ Վերջիններիս գործիքավորման ողջ բեռն էլ է դրված գործիքային մասի ղեկավարի վրա։ Կրկնում եմ՝ այս պահին կայանալիք առաջին համերգին պրեմիերաներով ներկայանալու մասին ստույգ ոչինչ ասել չեմ կարող։

– Ժամանակին անդրադարձել ենք ինչպես հրավիրված մասնագետների, այնպես էլ ձեր բեմադրություններին, այդ թվում՝ «Սայաթ-Նովա», «Մուշ», «Գարնանային անուրջներ» եւ այլն։ Դրանք բարձրարվեստ գործեր լինելուց բացի, հանդիսատեսին ու մասնագետներին հիացրել են նաեւ իսկապես ակնահաճո ճոխ տարազներով։

– Մենք համագործակցում ենք իրենց գործի գիտակ, պրոֆեսիոնալ դիզայներների հետ, այդ թվում՝ Ռուբինա Հովհաննիսյանի, Գայանե Սարիբեկյանի, Աննա Հախվերդյանի։

– Նման զգեստները կամ տարազները ենթադրում են շոշափելի ֆինանսական միջոցներ։

– Իհարկե։ Այս եւ անսամբլին վերաբերող այլ հարցեր լուծում են ստանում պարի պետականի տնօրեն Էրիկ Չանչուրյանի կողմից։ Իհարկե, ես իրավասու չեմ սպառիչ պատասխան տալ այդ հարցին, բայց ընդամենը նշեմ, որ անսամբլն ունի բարեկամներ, որոնք հարկ եղած դեպքում աջակցում են։ Հիշեցնեմ պարոն Չանչուրյանի օրոք անսամբլի հյուրախաղերը Ռուսաստանի տարբեր քաղաքներ, Վրաստան, Սիրիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն։

– Գիտենք, որ անսամբլը, որը ստեղծվել է 1958թ., ՀՀ վաստակավոր գործիչ Գեորգի Ասատրյանի, ժողովրդական արտիստ Էդուարդ Մանուկյանի, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ, մեծ հաշվով շրջել է ողջ աշխարհը։ Կեսկատակ-կեսլուրջ էլ ասում են, թե երկիր չի մնացել, ուր պարի պետականը չի ներկայացրել հայ ժողովրդի հարուստ անցյալն ու ներկան պարի լեզվով։ Նույնիսկ եղել են հյուրախաղեր, որ տեւել են երեք ամսից ավելի, օրինակ՝ 1960-ականների վերջին Լատինական Ամերիկա ուղեւորությունը։

– Այո, աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսը հիացմունքով է ընդունել մեր տղամարդկանց` կրակոտ ու կանանց քնարական պարերը։ Հիշեցնեմ, որ անսամբլի առաջին համերգային ծրագրի ստեղծման գործում մեծ է բալետմայստեր Իրինա Արբատովի վաստակը, հետո արդեն Վանուշ Խանամիրյանի դերը եւ այլն։ Հիշում եմ արաբական երկրներ կատարած հյուրախաղերից հետո արաբ բանահավաք ու արվեստաբան Ֆահրի Բարուջիի գնահատականը. «Երկարամյա կյանքիս ընթացքում պարային անսամբլների շատ ելույթներ եմ տեսել, բայց այն՝ ինչ ցուցադրեցին հայկական ժողովրդական պարի անսամբլի արտիստները, գերազանցում է տեսածս բոլոր պարային խմբերի ելույթները»։ Իհարկե, տարիներ անց Հայաստանն ապրեց ծանր օրեր՝ երկրաշարժ, Արցախի անկախ պետականության կայացման շրջան, նաեւ կորոնավիրուս, պատերազմ… Անկասկած, նման ժամանակահատվածներն էլ իրենց դրոշմն են թողնում ոչ միայն մեր մշակույթի, այլ կյանքի բոլոր ոլորտների վրա։ Բայց պետք է նշեմ այսօր մեր արտիստների՝ իրենց գործին անսահման, իսկապես անսահման նվիրվածության մասին։

– Գիտենք, որ կոնկրետ ձեր անսամբլում եղել եւ կա տղամարդ պարողների դեֆիցիտ։

– Այո, այսօր անսամբլում ունենք 22 կին, 18 տղամարդ։ Դեֆիցիտ կա։ Գիտեք՝ հայկական օջախում սյունը տղամարդն է եւ նրանից է կախված ընտանիքի բարօրությունը, ինչը, այո, ենթադրում է ֆինանսական միջոցներ։ Մինչ համավարակը պարի պետականը ելույթներով հանդես է եկել հայաստանյան բոլոր մարզերում նույնպես։

– Մտածո՞ւմ եք մարզեր մեկնելու ուղղությամբ եւ առաջինը ո՞ր մարզը կլինի։

– Երբեք աչքաթող չենք արել մեր մարզերի հանդիսատեսին։ Իսկապես, ելույթներ ենք ունեցել հանրապետության բոլոր մարզերում եւ Արցախում։ Էրիկ Չանչուրյանի հետ այս պահին մտածում ենք մարզային համերգները վերականգնելու ուղղությամբ։ Կոնկրետ ո՞ր մարզը եւ ե՞րբ՝ չեմ կարող ասել, բայց որ կներկայանանք մարզերում, անկասկած է։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031