Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Սաղմոսավանքի Սբ Գրիգոր Լուսավորիչ անապատում

Մարտ 05,2021 12:00

Սբ Գրիգոր Լուսավորիչ անապատը (եկեղեցին) գտնվում է Սաղմոսավանքից հարավ, Քասախի կիրճում, գետի աջ՝ բարձրադիր ժայռազանգվածի վրա: Ըստ ձեռագրաց հիշատակարանների՝ եկեղեցին անվանվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ անապատ (տեղացիները անվանում են նաեւ «Կաթնով աղբյուր» եկեղեցի՝ պայմանավորված տեղում հանքային ջրի առկայությամբ): Սովորաբար, եկեղեցիները անապատ անվանել են բնակավայրերից զատված ու հեռու լինելու պատճառով, որտեղ անապատական ճգնավորները, վայելքներից հրաժարված, եղբայրական համակեցությամբ ճգնել են, զբաղվել գիտությամբ եւ բազմացրել ձեռագրեր: Նրանք եղել են խարազնազգեստ, ապրել են անապատական կանոնակարգով:

Անապատ եկեղեցին հյուսիսից կապվել է Սաղմոսավանքի, հարավից՝ Սերկեւիլի եւ Հովհաննավանքի հետ: Ըստ ավանդության՝ այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, երբ ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը: Նա այստեղ կառուցել է երկու անապատներ, մեկը՝ կիրճում, որը հետագայում անվանվել է Լուսավորչի անունով, իսկ մյուսը՝ կիրճի եզրին՝ ներկայիս Սաղմոսավանքի տեղում, որտեղ մշտապես պարապել են սաղմոսերգությամբ:

Անապատը միջնադարում հայ մշակույթի պատմության մեջ նշանակալի դեր է կատարել, որի պատճառով էլ երբեմն անվանվել է «հրեշտակաբնակ, լուսազարդ եւ ամենագով» եկեղեցի: Այն արտաքինից ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկա է: Ներքուստ խորանի երկու կողմերում ունի ավանդատներ: Ուշագրավ լուծում է տրվել շինության արեւմտյան հատվածին, որտեղ այն հպվել է ժայռին եւ ներսից ունի կիսաշրջան խորան, գնդաձեւ գմբեթարդով: Մուտքը եղել է հարավից: Կառուցված է սրբատաշ գորշ տուֆից, կրաշաղախով:

Ենթադրվում է, որ անապատի ներկայիս շինությունը կառուցվել է 12-13-րդ դարերում: Հնագետ Հովսեփ Եղիազարյանը տեղում 1940-ական թթ. տեսել է արձանագրության բեկորներ, որոնք, սակայն, չեն ամբողջացվել: 1267 թ. այստեղ է այցելել հանրահայտ Գեւորգ Լամբրոնացին: 1320թ. տեղում գրիչ Աստվածատուրը ընդօրինակել է մի ձեռագիր «Ավետարան»:

17-րդ դարի առաջին կեսում շինությունը վերանորոգել է Հովհաննես եպս. Կարբեցին եւ տեղում հաստատել միաբանություն, ավելի քան քառասուն միաբաններով: Նա դարձել է անապատի ու Սաղմոսավանքի առաջնորդը: 1623թ. անապատում Մինաս գրիչը եւ ծաղկող Սահակ դպիրը վերանորոգել են Սաղմոսավանքի կոնդակը: 1638թ. տեղում Գրիգոր Կամախեցին ընդօրինակել է Կիրակոս Գանձակեցու պատմությունը, իսկ 1651թ. Սարգիս Երեւանցին՝ ձեռագիր «Ավետարան»: Հովհաննես եպս. Կարբեցուց հետո տեղում առաջնորդ է եղել նրա եղբոր որդին՝ Գաբրիել վարդապետը, որը մահացել է 1674 թ.: 1672 թ. անապատ է այցելել Զաքարիա Ագուլեցին, իսկ 1734 թ.՝ Աբրահամ Կրետացին: 17-րդ դարի վերջին տեղի առաջնորդը Մարուգ վարդապետն էր, 18-րդ դարի սկզբին՝ Հովասափ վրդ. Կարբեցին, իսկ 1736-1742 թթ.՝ Ավետիք վարդապետը, որից հետո անապատը անշքացել է, զրկվել միաբաններից եւ կիսաավերակ վիճակով հասել մեր ժամանակները:

Անապատը սկզբնապես վնասվել է 1679թ. Արարատյան, իսկ վերջնականապես կործանվել 1827թ. Ծաղկաձորի երկրաշարժից, երբ կիրճի վերին հատվածից պոկված խոշոր ժայռաբեկորը շինությունը վերածել է փլատակների: Փլվել է ծածկը եւ պատերի վերին հատվածները: Համեմատաբար լավ է պահպանվել արեւելյան ճակատը, որի վրա բացվում են խորանի եւ զույգ ավանդատների (հարավայինը չի պահպանվել) լուսանցքները: Ներկայումս անհրաժեշտ է եկեղեցին մաքրել փլատակներից, տեղում հնագիտական ուսումնասիրություններ կատարել եւ այն նախապատրաստել վերանորոգման:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
04.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031