Մարտի 4-ին կայացավ լրագրող, լրատվական մեկնաբան Մարիաննա Հակոբյանի «Կասկադ 6․15» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին մշակութային, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ։ Շնորհանդեսի բացումը մեկնարկեց գրող, գրականագետ Հովհաննես Հովակիմյանի խոսքով։ Ըստ նրա՝ Մարիաննա Հակոբյանը, չնայած սկսնակ լինելուն և գրողին բնորոշ հուզկան սայթաքումներին՝ կարողացել է ասելիքը գեղեցիկ ընդգծել հենց դրանց շնորհիվ։
«Ես շատ եմ սիրում կյանքը։ Որպես լրագրող միշտ փնտրում եմ հետաքրքիր պատմություններ ու երբ փնտրում ես դրանք, պատահում է , որ ինքդ ես ընկնում պատմությունների մեջ։ Մեր ամեն լրագրողական նյութ վերջում կարող է դառնալ գիրք, եթե մենք ցանկանանք»,- նշեց հեղինակը։ Սեր և վայելք, երջանկության սպասում ու հիասթափություն, տառապանք ու հոգևոր վերածնունդ՝ «Կասկադ 6․15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը։
«Զանգակ » հրատարակչության ծրագրերի համակարգող Մայա Շահումյանի խոսքով վեպի ընթերցման հենց առաջին պահից այն արժանացել է հավանության թե՛ իր և թե՛ գրքի խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանի կողմից. «Որպես ընթերցող, հերոսների ներքին անձնական կյանքը, սիրո դրսևորումը անընդհատ փորձում ես համեմատել ու զուգահեռներ տանել քո կյանքի հետ։ Այս ամենը կարդալով Հայկին առաջարկեցի տպագրել այն, անկախ այն հանգամանքից, որ «Զանգակը» սովորաբար այլ ոճի գրքեր է հրատարակում, բայց սա այն նորարարական ու փորձարարականն էր, որ կարելի էր ընթերցողին հրամցնել»։
«Վեպում արծարծվում են երիտասարդ աղջիկների ու կանանց կյանքում առկա կարևոր խնդիրներ ու թեմաներ, որոնց մասին հազվադեպ է բարձրաձայնվում։ Հերոսուհին անցնում է չստացված հարաբերությունների միջով, կորցնում երջանիկ լինելու հույսը, սակայն գտնում է ավելի մեծ ու կարևոր բան՝ ներդաշնակություն։ Այս տեսանկյունից վեպը նաև մոտիվացնող ուղերձներ է պարունակում»,-նշեց գրքի խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանը։
«Բոլորս գիրք կարդալիս հեղինակին միշտ փնտրում ենք հերոսների մեջ և այս պարագայում էլ հեղինակը հերոսների մեջ կա, սակայն թե որքանով՝ չեմ բացահայտի»,- իր ամփոփման խոսքում նշեց հեղինակը։
Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ