Գյումրեցիներին օդային տրանսպորտ խոստացող «Արմոն» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Սարգսյանը, որը ծնունդով գյումրեցի է, սակայն երկար տարիներ բնակվում է Աֆրիկայի Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում, Գյումրու քաղաքապետարանին դիմում է ներկայացրել՝ խնդրելով սառեցնել իր ներդրումային ծրագիրը։
Այս մասին այսօր Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե կա՞ն գործարարներ, որոնք հրաժարվել են ներկայացրած ծրագրերից։
Օդային տրամվայներ խոստացող այս ծրագիրը, որը կոչվում էր «Սքայ Գյումրի», ի սկզբանե հումորի թեմա դարձավ գյումրեցիների համար, հատկապես, երբ իմացան, որ հեղինակը Այրարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կառուցելու համար ծրագիր ներկայացրած նույն անձն է։
Կարդացեք նաև
Գործարարն այս տարվա հուլիսին անձամբ ներկայացրեց իր ծրագիրը՝ մանրամասնելով անգամ կանգառները, օդային տրանսպորտի ողջ համակարգն՝ իր ենթակառուցվածքներով։ Նա այնքան դյութիչ էր խոսում, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ոգևորվելով, այն «հեքիաթային» ծրագիր անվանեց։
Հեքիաթը փաստորեն հոդս ցնդեց՝ արժանանալով կոկորդիլոսաբուծարան ստեղծելու ծրագրի բախտին։
Հիշեցնենք, որ Աֆրիկայում բնակվող գործարարը նաև սառեցրել էր կոկորդիլոսաբուծության ծրագիրը՝ պարզաբանելով, որ դա արդյունավետ չեն բիզնես տեսանկյունից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ