«Ինչպես ասում են՝ հաղթանակն ունի հազար հայր, իսկ պարտությունը որբ է։ Երբ հայկական կողմը հաղթեց պատերազմում, 94 թ․-ին դա համախմբեց ազգին։ Իսկ հիմա պարտություն է, եւ տեսնում եք արձագանքները, տրոհումները, որոնց մեծ մասը ոչ միայն պատերազմի մասին է, այլեւ հայկական ինքնության, թավշյա հեղափոխության, Հայաստանի ապագայի։ Այդ խոսակցություններն անխուսափելի են։ Առաջ նայող օրակարգ է պետք։ Առավելություններին եւս պետք է նայել»,- «Futures Studio»-ի կազմակերպած՝ «Խոսենք ապագայից» խորագրով շարքի հերթական քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Carnegie Europe» հիմնադրամի ավագ գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։
Նրա բնորոշմամբ՝ չնայած Արցախի, Սյունիքի շուրջ մտահոգություններին, նաեւ հնարավորություններ կան, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու․ «Չեմ կարծում՝ դա շուտ տեղի ունենա, քանի դեռ Էրդողանն է նախագահը, բայց պետք է կենտրոնանալ ՀՀ-ի հնարավոր ապագայի վրա։ Շատ բաներ կան, որոնք փոքր երկիրը կարող է անել՝ զարգանալու համար: Նախիջեւանն ու Հայաստանը տնտեսապես իրար հետ պետք է աշխատեն, բայց չեմ կարծում, որ քաղաքական առումով հիմա դա հնարավոր է»։
Հարցազրուցավար Մարկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ում նաեւ ինքնության ճգնաժամ ենք ապրում հիմա։ Թոմաս դե Վաալը պատասխանեց․ «Այո, միանգամայն։ Ո՞վ ենք մենք, ի՞նչ է հայկական տարածքը, ո՞ր հայկական հողն է կազմում մեր ազգային անվտանգությունը։ Հայերը վաղուց են ապրում ինքնության ճգնաժամ։ 20-րդ դարի ընթացքում հայերի միջեւ ճեղքվածներ կային։ Դաշնակները հետապնդում էին մի օրակարգ, մյուսները՝ այլ։ Բաժանումներ կային Խորհրդաին Հայաստանի վերաբերյալ»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն նկատառմանը, թե ինքը լուծել է Արցախի հարցը, Թոմաս դե Վաալը նշեց․ «90-ականներին հայերն էլ էին ասում, որ լուծել են հակամարտությունը։ Այդ հարցը միշտ կմնա վիճահարույց, ինչպես շատ տարածքներ աշխարհում։ Քանի դեռ վեճը կա, հակամարտությունն էլ կլինի։ Իհարկե, Ադրբեջանը հիմա ավելի ուժեղ դիրքեր է գրավում, բայց հակամարտությունը լուծված չի։ Արցախի կարգավիճակը դեռ չի լուծվել։ Հայերը հիմա ավելի թույլ դիրքում են, բայց, միեւնույնն է, ճիշտ չէ ասել, թե հակամարտությունը լուծված է»։
Կարդացեք նաև
Դառնալով ներքաղաքական իրավիճակին՝ վերլուծաբանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանին պետք է ազգային անվտանգության ռազմավարություն․ «Հայաստանին եւ Ադրբեջանին անհրաժեշտ է քաղաքական խաղաղության համաձայնագիր։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ընդամենը հրադադար է ամրագրվել, դա խաղաղության համաձայնագիր չէ։ Բոլորին է պետք խաղաղության համաձայնագրի կնքումը, որը կենթադրի հարաբերությունների լավացում, տնտեսական հարաբերություններ, տրանսպորտային կապեր (բիզնեսն էլ կօգտվի դրանից։ Հայերն ու ադրբեջանցիները միշտ առեւտուր են արել իրար հետ։ Սադախլոյի շուկայում հիմնականում հայերն ու ադրբեջանցիներն են առեւտուր անում՝ ավելի ազատորեն, քան վրացիների հետ)։ Շատ հեռու ենք դրանից, բայց նկրտում պետք է լինի։ Դա ենթադրելու է երկկողմանի փոխզիջումներ։ Եթե մի կողմը չփոխի իր լեզուն, ոչինչ չի փոխվի։ Ալիեւը վերջին խոսքում ասաց, որ Ղարաբաղ գոյություն չունի։ Սա չի օգնում գործին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ