Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատարանը խախտում է Քրեական դատավարության օրենսգիրքը. Ռազգիլդեևը դատական նիստերին մասնակցում է հեռավար. ՀՔԱՎ

Մարտ 04,2021 17:53

2021 թվականի մարտի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ, շարունակվեց 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործի քննությունը։

Ջ․ Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը, սակայն, մեղադրանքը չի ընդունում։

Փետրվարի 3-ին կայացած դատական նիստին, երբ հրապարակվել էր մեղադրանքի եզրափակիչ մասը, Ռազգիլդեևը նաև հրաժարվել էր պատասխանել դրա վերաբերյալ պարզաբանող հարցերին։

Բացի դրանից՝ դատարանը խախտում է Քրեական դատավարության օրենսգիրքը և չի ապահովում ամբաստանյալի ներկայությունը դատական նիստին։ Ռազգիլդեևը դատական նիստերին մասնակցում է հեռավար։

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը ստանձնել է ՀՔԱՎ-ը։ Նրա շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։

Նախորդ նիստերը պարբերաբար հետաձգվում էին տարբեր պատճառներով, իսկ փետրվարի 3-ին կայացած դատական նիստին էլ դատարանը չհիմնավորված արգելել էր ամբաստանյալին տեսանկարահանելը՝ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով դատավարության մասնակիցների նկատմամբ։

Չնայած մարտի 3-ին լրագրողները հնարավորություն ունեին մասնակցելու և նկարահանելու դատական նիստը, բայց ամբաստանյալին նկարահանել կրկին թույլատրված չէր։

Մարտի 3-ի նիստի ընթացքում դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։
Հաջորդ դատական նիստը մարտի 22-ին՝ ժամը 15։30-ին է։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031