Լրահոս
Օրվա լրահոսը

«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով դատական երկրորդ նիստն էլ հետաձգվեց

Մարտ 04,2021 17:32

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայր, դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով երկրորդ դատական նիստը: Այսօրվա նիստն էլ հետաձգվեց, հաջորդ նիստ օր նշանակվեց մարտի 30-ը, ժամը 14:30-ին։

Առաջին դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը խնդրել էր հետաձգել դատական նիստը, ցանկություն հայտնել միջնորդություն ներկայացնել դատավորին ինքնաբացարկ հայտնել, պարզելու՝ այս գործը երբ է հասել դատարան, ինչպես է ստացվել, որ գործի համարը փոխվել է:

Նա նաեւ այլ հարցադրումներ հնչեցրեց, թե դատարանի մյուս դատավորներն ի՞նչ ծանրաբեռնվածություն են ունեցել, ինչո՞ւ է գործը հենց դատավոր Կարեն Ֆարխոյանին մակագրվել, ինչո՞ւ է ուշացումով ուղարկվել գործը դատարան եւ այլն: Մեղադրող կողմի՝ դատախազության համար պարզ չէր, թե այս տեղեկությունները ստանալու իմաստը ո՞րն է, հորդորեցին հիմնավորել:

Այսօրվա նիստում էլ պաշտպանական կողմը խնդրեց հետաձգել, վերոնշված փաստաթղթերը ստանալու եւ դրանք ուսումնասիրելու համար։

Հիշեցնենք, որ այս գործի վերաբացման համար հիմք է դարձել 2019 թվականին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի հաղորդումը ՀՀ իրավապահներին։ Դատախազության հայտարարության համաձայն, դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի եւ դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերեւույթ վկայում են Պ. Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Հարությունյանի եւ Պողոս Պողոսյանի «Առագաստ» սրճարանում տեղի էր ունեցել միջադեպ, որի հետեւանքով Պողոս Պողոսյանը սպանվել էր: Տեսնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին`Պողոսյանն ասել էր`«Պրիվետ, Ռոբ»: Հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երեւանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի` 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031