Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց. «Կարելի՞ էր արդյոք իրավիճակը այս աստիճանի մանիպուլացնել իշխանության մնալու համար»

Մարտ 04,2021 16:41

«Վատ կառավարողին խանգարում է սահմանադրությունը» թեմայով քննարկման ժամանակ հարց հնչեց, թե 2018 թվականի իշխանափոխությունից հետո բոլորս որպես առաջին քայլ սպասում էինք սահմանադրության փոփոխություն, որովհետեւ ինչպես այսօրվա իշխանությունն էր պնդում, կարված էր Սերժ Սարգսյանի հագով: Սակայն այդ փոփոխությունները չեղան: Հիմա ունենք պատերազմ, պատերազմից հետո իրավիճակ, եւ հանկարծ վարչապետը ցանկություն է հայտնում՝ փոփոխել սահմանադրությունը, վերադառնալ կիսանախագահական համակարգին: Սա ա՞յն է, ինչի սպասում էինք 2018-ին, թե՞ վարչապետի կողմից իշխանությունը պահպանելու իրավիճակային լուծում է:

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Ես բազմիցս նշել եմ, որ այս իշխանությունները ինստիտուցիոնալ առումով որեւէ փոփոխության չգնացին եւ իրենց ցանկացած առաջարկ կրում է իրավիճակային լուծում: Սա անթույլատրելի է: Մեծ, բովանդակային փոփոխություններ իրականացնելու այն հնարավորությունները, որ ուներ այս իշխանությունը, չօգտագործվեց եւ հեղափոխությունը մսխվեց բոլոր հնարավոր շանսերով: Հենց այս նույն իշխանությունը, երբ այն ժամանակ ընդդիմություն էր, հայտարարում էր, որ սա սուպերվարչապետական է, որ կան բազմաթիվ ականներ, որոնք դրված են այս սահմանադրության հիմքում, կան հարցեր, որոնց մենք բախվելու ենք եւ լուծումներ չենք ունենալու: Գիտեմ, որ կա տեսակետ, թե չփոփոխելը չգիտակցելու արդյունք է ու սրա մասին քիչ առաջ բանավիճում էինք պարոն Սաքունցի հետ: Բայց ես այդպես չեմ կարծում: Ես գնալով ավելի շատ համոզվում եմ, որ գործող իշխանությունը ուղղակի որոշեց, որ չի փոխելու: Ամենայն հավանականությամբ այդպիսի հանձնարարություն կա՝ չփոխել սահմանադրությունը, չփոխել այն հիմնարար սյուները, որոնց վրա խարսխված էր հանցավոր ռեժիմը:

Ես անկեղծ փորձել եմ այս երեք տարիների ընթացքում գտնել բոլոր այն հիմնավորումները, որոնք կարդարացնեին, թե ինչու չփոխվեց սահմանադրությունը: Բոլոր խնդիրները՝ Սահմանադրական դատարանի, ԲԴԽ-ի, դատական համակարգի հարցով գալիս, բախվում են սահմանադրությանը: Սահմանադրությունն այն ժամանակ չփոխելը, չբարեփոխելը ինձ հասկանալի չէր: Իսկ հիմա քանի գնում, ավելի համոզվում եմ, որ դա պատահականություն չէ:

Ի դեպ, սահմանադրությունից կառչած լինելն էլ առանձնապես մի բան չի, որովհետեւ կան երկրներ, որոնք սահմանադրություն չունեն, բայց բավականին լավ կարողանում են կառավարել՝ Կանադայից, Նոր Զելանդիայից սկսած, մինչեւ Մեծ Բրիտանիա: Մեր երկրում հասել է աբսուրդի այն աստիճանի, որ պառլամենտական երկրում նույն ինքը՝ իշխանությունը, որը ժամանակին բողոքում էր այս սահմանադրությունից, արհեստականորեն ստեղծում է մի իրավիճակ, որտեղ այլ կուսակցություններ ուղղակի զարգանալու ու երեւալու հնարավորություն չունեն: Արհեստականորեն ստեղծվում է մի վիճակ, ժողովրդին հրամցվում է, թե պառլամենտական երկրում գրանցվում է ընդամենը երկու ուժի առկայություն: Մեկը իրենք են որպես հեղափոխական ուժ, մեկն էլ՝ այն փողոցում գտնվող մերժված կատեգորիան է, որին մերժել էր ժողովուրդը: Լավ, սահմանադրությունը չփոխեցիք՝ հասկացանք: Կարելի՞ էր արդյոք իրավիճակը այս աստիճանի մանիպուլացնել իշխանության մնալու համար: Որտե՞ղ է փոփոխությունների գնալու իրենց ցանկությունը:

Անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ իշխանությունները գնալու են փոփոխության, չեմ հավատում, որ հոկտեմբերին լինելու է հանրաքվե, որովհետեւ իրենք այդպիսի ցանկություն իրականում չունեն: Սա հերթական խոստումն է, իրավիճակն է, որտեղ իրենց համախոհները, որոնք ինչ-որ թիվ են կազմում, ասել են՝ թողեք աշխատենք, մարդիկ խոսք են տվել, մինչեւ հոկտեմբեր դիմացեք, հետո տեսնենք ինչ է լինելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031