Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք պահանջում ենք վերադարձ մեր Հադրութ, մեր հայրենի հող». հադրութցիները՝ դեսպանատների դիմաց

Մարտ 04,2021 16:33

«Դա կլինի Ղարաբաղի վերջնական կործանում, եթե իշխանությունները տեղի տան: Հիմա նկատվում է, որ Արցախի և ՀՀ իշխանություններն ուզում են տեղի տալ»,- «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության հավաքի ընթացքում հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահ Լեւոն Հայրյանը:

Հավաքին մասնակցող տասնյակ հադրութցիներ, Քաշաթաղի, Շուշիի բնակիչներ երթով շարժվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ՝ իրենց պահանջը ներկայացնելու:

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ նրանք հայտարարեցին. «Մենք պահանջում ենք վերադարձ մեր Հադրութ, մեր հայրենի հող, մենք խնդրում ենք, ստիպում ենք բոլոր դեսպաններին, դեսպանատներին: Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի բնակիչները հավաքվել են, տեսնում եք՝ ինչ վիճակում են: Ուզում ենք վերադառնալ հայրենի հող: Նախկին ԼՂԻՄ տարածքներն ենք պահանջում»:

Հավաքի մասնակիցները հայտարարեցին՝ ցույցերը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև պատասխան ստանան դեսպանատներից:

Լևոն Հայրյանը վստահեցրեց՝ իրենց ցույցերը քաղաքական բաղադրիչ չունեն. սոցիալական խնդիրներ են բարձրացնում:

Նա հայտարարեց. «Մեր հիմնական նպատակն է պարզաբանում մտցնել ապագայի վերաբերյալ, հիմնական պահանջը մեր հայրենիք վերադարձն է»:

Նա նշեց՝ մեկ ամսից ավել է դեսպանատներն իրենց չեն ընդունում, ցանկանում են իմանալ՝ պատճառը որն է: Ու վստահեցրեց՝ այսօր պիտի «նաստիռնի» պահանջենք:

Այս անգամ էլ դեսպանատներում չընդունեցին հադրութցիներին: Ֆրանսիայի դեսպանատանն ասացին՝ հադրութցիների այլ խմբի արդեն ընդունել են:

Հավաքի մասնակիցները նշեցին՝ ցույցերը լինելու են շարունակական, եթե դեսպանների հետ հանդիպել չհաջողվի, հասնելու են նրան, որ կարողանան տվյալ երկրների ղեկավարների հետ կապ հաստատել:

Լևոն Հայրյանը հայտնեց՝ ԱՄՆ դեսպանատանն էլ իրենց ասել են, որ եթե երեք շաբաթ չպատասխանեն, ուրեմն մերժված են, իսկ երեք շաբաթը լրանում է վաղը:

Լևոն Հայրյանը մտահոգություն հայտնեց՝ ՀՀ իշխանություններն իրենց իրավիճակին համարժեք չեն պահում. «Չենք տեսնում ՀՀ իշխանությունների համապատասխան վերաբերմունքը, հետաքրքրվածությունը: Սոցիալական օգնություն ցուցաբերում են, բայց պետությունը պիտի ազգային, պետական քաղաքականություն վարի, ինչը բացակայում է»:

Լևոն Հայրյանը տեղեկացրեց՝ հադրութցիների, շուշեցիները, քաշաթաղցիների զգալի մասը Արցախ-Հայաստան ճանապարհին է. ոչ մի տեղ չեն կարողանում իրենց գտնել, իրենց հայրենի հողն են ուզում:

Նա հայտնեց՝ նրանց 60-70 տոկոսը Հայաստանում է բնակվում, մնացածը՝ Արցախում:

Նշենք, որ հադրութցիների հավաքին մասնակցում էին նաև Սասնա ծռեր խմբի անդամ Պավել Մանուկյանը և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031