Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է բարեկամ քաղաքական գործիչ և անհեթեթ է համարել այն միտքը, որ նա քաղաքականություն վերադառնալու իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ:
«Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցներն անհրաժեշտություն չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Դա հարցի միանգամայն անհեթեթ մոտեցում է: Ինքը՝ Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա Հայաստանի համար օգուտի և Ռուսաստանի հետ համագործակցության խորացման մեծ կողմնակից է: Նա մարդ է, որը քիչ ջանք չի դրել իր երկրի զարգացման համար, և մենք, ընդհանուր առմամբ բավարարությամբ փաստում ենք, որ Հայաստանի քաղաքական գործիչների մեծ մասը մեր երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակից են: Մեզ համար դա է կարևորը»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցի, թե արդյոք Քոչարյանը Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու իր որոշումը համաձայնեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պեսկովը նաև նշել է, որ այդպիսի քաղաքական գործիչ է նաև Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
«Մեզ համար կողմնորոշիչ են նրա համապատասխան հայտարարությունները: Դուք գիտեք, որ շատ ակտիվ երկխոսություն է ընթանում նրա և Ռուսաստանի նախագահի միջև: Դուք գիտեք՝ ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմին: Ուստի այդ հարաբերությունները, բնականաբար, նույնպես շատ արժեքավոր են»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ