«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու չեն ընտրում դատավորների, դա միայն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարության հե՞տ է կապված, թե՞ այլ պատճառ կա. «Առաջին հերթին նպատակը հասկանալի դարձնելն էր թե՛ մեզ, թե՛ հանրության համար 2020-ի նոյեմբերի 15-ին պարոն Վարդազարյանի արված հայտարարության մոտիվները, նպատակը եւ թե ինչի է հանգեցրել այդ հայտարարությունը: Այս օրերի ընթացքում մենք գտանք գնահատականը, որը հնչեցրեցինք խմբակցության անունից ելույթի ընթացքում: Մեր գնահատականը ոչ միայն շարունակում է մնալ այն, որ այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես քաղաքական, այլեւ այն արձագանքը, որը հնչեցնում էր պարոն Վարդազարյանը՝ ի պատասխան պատգամավորների հարցերի, խորացնում է մտահոգությունը առ այն, որ դրանք կարող են լինել շարունակական: Հարցուպատասխանի ընթացքում հնչել են նաեւ այլ մտահոգություններ պատգամավորների կողմից՝ իր այլ գործունեությունների վերաբերյալ, թե՛ պայմանավորված կարգապահական վարույթների գործերի հետ, թե՛ այլ հանգամանքներով: «Իմ քայլը» խմբակցությունը այս քայլով չի արտահայտում իր վերաբերմունքը թեկնածուների նկատմամբ, խորին ակնածանք եւ հարգանք ունենք նրանց նկատմամբ, սրանով մենք արտահայտում ենք քաղաքական արձագանք պարոն Վարդազարյանի արած հայտարարությանը եւ այս ընթացքում նրա ծավալած գործունեությանը: Իսկ ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների միջնորդավորված կապի հաստատմանը, դրա մասին արդեն խոսվեց: Այդ անձանց միջնորդավորված կապ հաստատելը մեր պատգամավորների հետ եւ այդ կերպով իրենց աջակցությունը հայտնելը Ռուբեն Վարդազարյանին, իհարկե, ամրապնդել է մեր դիրքորոշումը»:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ օրենքով գողեր են կապվել իր հետ ու սպառնացել:
Հարցին՝ 3 օր հարցապնդումներ էիք անում, արժե՞ր նման հարցի շուրջ 3 օր ժամանակ ծախսել՝ Մակունցը պատասխանեց, որ դատական իշխանության ներկայացուցիչները քաղաքացիների հետ շփում չունեն ու այն հարցերը, որոնք անհասկանալի, անորոշ են, ուզում էին ակներեւ դարձնել մեր հանրությանը:
Հարցին՝ ճի՞շտ էր Վարդազարյանին «պատժելու» համար չընտրել թեկնածուներին, որոնք գուցե դատական համակարգում դրական փոփոխություններ էին բերում՝ Մակունցը պատասխանեց. «Մենք նույնպես ափսոսանք ենք հայտնում, որ ԲԴԽ նախագահը բացահայտ քաղաքական ուղղվածության հայտարարություններ է անում ու դատական իշխանության ներկայացուցիչները, որոնք մտահոգված են այս հարցով, այս հարցը պետք է իրենց ուշադրության ներքո պահեն»:
Կարդացեք նաև
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների մասին՝ արտահերթ ընտրությունների շուրջ՝ Մակունցն ասաց, որ վարչապետը հրավեր է արել ոչ միայն «Լուսավոր Հայաստանին», այլ նաեւ՝ Գագիկ Ծառուկյանին՝ ԲՀԿ-ին. «Հրավերը գնացել է, բայց չգիտեմ ինչ ընթացքի մեջ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ