Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե հակասահմանադրական ճանաչվի Սահմանադրության վերջին փոփոխությունների ընդունման ընթացակարգը, այդ ընթացակարգով ընդունված փոփոխությունները և՞ս համարվելու են հակասահմանադրական. Էդմոն Մարուքյանի և Տարոն Սիմոնյանի հայտարարությունը

Մարտ 04,2021 16:01

Որպես Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ներկայացուցիչներ՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հայտարարությունը Սահմանադրության դատարանի՝ 2021թ. փետրվարի 11-ին կայացված գործը մասով կարճելու ՍԴԱՈ-27 որոշման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանը փետրվարի 11-ին իր ՍԴԱՈ-27 որոշմամբ մասամբ կարճել է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա` ԱԺ կողմից իր լիազորությունների իրականացման, ԱԺ կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, չենք կարող մեր անհամաձայնությունը չհայտնել Սահմանադրական դատարանի եզրահանգումների և հիմնավորումների հետ՝ որակելով դրանք որպես սահմանադրական արդարադատությունից հրաժարման ակնհայտ դրսևորում։

Ստորև ընդհանուր կերպով ներկայացնում ենք այն խնդիրները, որոնք առկա են այդ որոշման մեջ։

Այսպես, Սահմանադրական դատարանը որոշել է կարճել պատգամավորների կողմից ներկայացված դիմումը հետևյալ պահանջների մասով՝

-ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ Սահմանադրության 2020 թ. հունիսի 22-ի փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով և ընդունել դրանք երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության.

-ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ փոփոխության է ենթարկել Սահմանադրության 213-րդ հոդվածի բովանդակությունն այնպես, որ այդ փոփոխությամբ, ըստ էության, փոփոխության են ենթարկվել Սահմանադրության 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող դրույթները.

-ճանաչել Սահմանադրությանը հակասող Ազգային ժողովի կողմից 2020թ. հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունների ընդունման ընթացքում մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան չդիմելն ու առանց Սահմանադրական դատարանի որոշման Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը, իսկ Սահմանադրության 2020թ. հունիսի 22-ի ընդունված փոփոխությունները՝ ամբողջությամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր.

-ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը և Հանրապետության նախագահը դուրս են եկել իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ, ընդունելով և ստորագրելով Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունները, զրկել են Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունից։

Նախ, փաստենք, որ քննարկվող որոշման տեսական մասը կազմում է ակտի մեծագույն մասը, իսկ վերլուծական-բովանդակային դատողությունները չափազանց քիչ են, ինչից կարելի է եզրակացնել, որ դատարանը խուսափել է անդրադառնալ առաջադրված հարցերին՝ ըստ էության՝ օգտագործելով առկա փաստերի և տեսական մտքերի տարանջատման, այլ ոչ թե համադրման մեթոդաբանությունը։

Ա.

Սահմանադրական դատարանը հրաժարվել է Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ սահմանադրական վերահսկողություն իրականացնելուց՝ նշելով, որ նման գործառույթ Բարձր դատարանը չունի։ Այս մասով հատուկ նշենք, որ պատգամավորների դիմումում առանձին պահանջ ՉԿԱ Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ պարզ չէ, թե ինչին է միտված այդ միտքը նշելը և այնուհետև դրան հակադրվելը։

Դիմումի խնդրամասում նշվում է, որ դիմումատուն (ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ից ավելին) խնդրում է քննել հետևյալը՝

-ԱԺ կողմից սահմանադրական վերահսկողության ինստիտուտի շրջանցմամբ (ԱԺ որոշմամբ՝ առանց ՍԴ դիմելու և ՍԴ ակտը ստանալու) Սահմանադրության փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը,

-ԱԺ կողմից իր լիազորությունները գերազանցելը՝ Սահմանադրությունում հանրաքվեի միջոցով փոփոխման ենթակա դրույթների վերաբերյալ փոփոխություն կատարելը՝ այդ փոփոխությունները ԱԺ կողմից փոփոխման ենթակա դրույթներում տեղավորելու միջոցով։

Եվ այս հարցերի քննության արդյունքում է, որ ընդունված և ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցը կարող էր որպես հետևանք առնվել քննության։ Սակայն Սահմանադրական դատարանը որոշել է, այսպես ասած, հարցը պարզեցնել և, հղում անելով իր լիազորությունների թվարկմանը, նշել, որ չի կարող քննել Սահմանադրության ընդունված և ուժի մեջ մտած փոփոխությունների վերաբերյալ հարց՝ այդ լիազորություններում նման կետի բացակայության հիմքով։

Այնինչ, դիմումի կարճված մասի քննության լիազորությունը բխում էր այդ նույն (Սահմանադրության 168-րդ) հոդվածի 4-րդ կետից, ինչին և հղում է տրված դիմումում, իսկ դիմումի համապատասխան կետերում մանրամասնվում են նշյալ կետի հիման վրա Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցերը՝ համապատասխան հիմնավորումներով։

Եվ այստեղ նաև բաց է մնում այն հարցը, թե այն դեպքում, երբ խորհրդարանի կողմից ընդունվում են Սահմանադրությանը հակասող սահմանադրական փոփոխություններ, ապա արդյո՞ք այդ դրույթներն ուժի մեջ մտած լինելու փաստի ուժով այլևս չեն կարող քննության առարկա դառնալ սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մարմնում՝ Սահմանադրական դատարանում։

Իսկ եթե այդ փոփոխություններն ուժի մեջ են մտել Սահմանադրության խախտմամբ, նորի՞ց Սահմանադրական դատարանը պետք է հրաժարվի սահմանադրական արդարադատության իր հիմնական գործառույթից և հղում անի այն փաստին, որ դրանք արդեն ուժի մեջ են մտել։ Սրանով խարխլվում է հենց սահմանադրական վերահսկողության բուն էությունը, ինչը Սահմանադրական դատարանի՝ որպես պետական ինստիտուտ, կարևորության իմաստին է հարվածում։

Սահմանադրական դատարանի այս տրամաբանությամբ որևէ մարմին ի զորու չէ՞ քննել և լուծել Սահմանադրության տառին և ոգուն հակասող փոփոխությունների հարցն ու թույլ չտալ դրանց կիրառությունը կամ վերացնել հակաիրավական հետևանքները։

Բարձր դատարանի նման կրավորական և խուսափողական դիրքորոշումը չի բխում այդ ինստիտուտի կարևորությունից, սակայն անհրաժեշտ է փաստել, որ տվյալ սողանցքը ժամանակին թողնվել է գործող Սահմանադրության հեղինակների կողմից, և դրա առկայությունը որևէ հիմնավորմամբ արդարացված չէ 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հնարավորություն տրվեց նաև խորհրդարանին (մինչ այդ, ինչպես հիշում եք, փոփոխություններ կարող էին տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով)։

Բ.

Սահմանադրական մարմինների միջև առաջացող վեճերի մասով գործող իրավակարգավորումների անկատարության վրա հիմնվելով՝ որոշման հեղինակ(ներ)ը փորձում են հարցականի տակ առնել Դիմողի՝ գործով դատավարական սուբյեկտայնությունը կամ իրավունակությունը։

Այստեղ պետք է փաստել, որ Սահմանադրական դատարան են դիմել խորհրդարանի ընդդիմադիր թևը ներկայացնող պատգամավորները՝ ընդդեմ իշխող խմբակցության։ Սակայն, քանի որ կարգավորումներն այնպիսին են, որ ձևական առումով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը խնդրո առարկա գործերով վերապահված է պատգամավորների 1/5-ին, իսկ պատասխանող կարող է լինել Ազգային ժողովը, ապա ակնհայտ է, որ de jure կամ ձևական առումով՝ այն ԱԺ 1/5-ի դիմումն է ընդդեմ խորհրդարանի, իսկ de facto կամ փաստացի՝ ընդդիմադիր փոքրամասնության դիմումն ընդդեմ իշխող մեծամասնության, որն էլ սահմանազանցել է իր լիազորությունները՝ ընթացակարգային և բովանդակային լուրջ խախտումներով սահմանադրական փոփոխություններ ընդունելով, մինչդեռ գործով ներգրավված է ամբողջ խորհրդարանը՝ որպես պատասխանող կողմ (Սահմանադրական դատարանի մասին օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Գ.

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելու մասով դատարան կարող էր դիմել միայն ինքը՝ Հանրապետության նախագահը, այլ ոչ թե պատգամավորները։ Այս դիրքորոշումն, իհարկե, կարող էր ընդունելի լինել, եթե հաշվի չառնեինք, որ համապատասխան փոփոխությունները ստորագրվել են Հանրապետության նախագահի կողմից։ Մյուս կողմից, վեճը կրում է խորը ինստիտուցիոնալ բնույթ և բացարձակապես անձնավորված չէ, ըստ այդմ՝ գտնում ենք, որ այս մասով ևս Սահմանադրական դատարանի որոշումը բովանդակային առումով փաստարկված չէ։

Դ.

Դատարանը նախապես բավարարել էր Դիմող կողմի միջնորդությունը բանավոր դատաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ նույն միջնորդությունը ներկայացվել էր նաև Պատասխանողի ներկայացուցիչների կողմից։ Սակայն այդ մասով որոշումը չեղարկվել է, իսկ նիստը կրկին անգամ հետաձգվել է՝ նշանակվելով ապրիլի 20-ին 11։00։ Դատարանն այդ որոշումը հիմնավորել է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ։

Ե.

Այնուամենայնիվ, Բարձր դատարանի վարույթում դեռևս մնում են հետևյալ հարցերը՝

-ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր ԱԺ կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն մասով, որ սահմանում է Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը քվեարկության դնելու իրավասություն.

-ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր ԱԺ կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասը, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված այլ իրավանորմերը։

Այստեղ հետաքրքրական է մնում մեկ հարց՝ արդյո՞ք այն դեպքում, եթե հակասահմանադրական ճանաչվի Սահմանադրության վերջին փոփոխությունների ընդունման ընթացակարգը, ապա հակասահմանադրական ճանաչված ընթացակարգով ընդունված փոփոխությունները, որպես հետևանք, ևս համարվելու են հակասահմանադրական։

Սպասենք մինչև ապրիլի 20-ը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031