Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեք դերասան եւ Քյոսայանի ջազ-քառյակը կպատմեն Ազնավուրի մասին

Մարտ 04,2021 15:57

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում մարտի 11-ին կարելի է կրկին դիտել Շառլ Ազնավուրի մասին «Ազնավուր» համերգ-ներկայացումը, որը չէր ցուցադրվում համավարակի պատճառով: Բացի երեք դերասանից` Ալլա Սահակյան, Ստեփան Ղամբարյան,Նարեկ Բաղդասարյան, բեմում կլինի նաեւ Գարի Քյոսայանի ջազ-քառյակը:

 Aravot.am-ի հետ զրույցում մտահղացման հեղինակ, դերասանուհի եւ երգչուհի Ալլա Սահակյանը նշեց. «Սա համերգ-ներկայացում է` կենդանի երաժշտությամբ: Երեք արտիստներով պատմում ենք Ազնավուրի կյանքը ծննդից մինչեւ առաջին մեծ հաղթանակը, երբ Ազնավուրը հաստատվեց որպես համաշխարհային մեծության երգիչ:

Ներկայացումը մարդու մասին է, որը երբեք չի ընկճվել, հաղթահարել է ամեն դժվարություն` հավատալով, որ ինքը բացառիկ է: Նա մինչեւ կյանքի վերջին օրն իսկ ապացուցել է, որ հանճարեղ երեւույթ է որպես երգիչ, երգահան, գրող…Ես իր բոլոր գրքերը կարդացել եմ, իսկապես բացառիկ է»:

 

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ մենք այն ազգն ենք, որը նման զավակներ է տվել. «Եկեք միշտ լավագույնն ընդգծենք, լավագույն օրինակները հիշենք: Շատ կարեւոր է, թե ինչ ես սովորեցնում երիտասարդությանը, ով է քո հերոսը: Տվյալ դեպքում հերոսն Ազնավուրն է, որ ոչինչ չունենալով, լինելով գաղթականի ընտանիքից, ունենալով սեր, հավատ, անսահման նվիրվածություն իր արվեստին, ինքնակատարելագործվելով հասել է աշխարհի բոլոր բարձր նվաճումներին»:

Ալլա Սահակյանը հիշեցնում է, որ «Ազնավուր» ներկայացումը խաղացել էին 2 տարի առաջ, սեպտեմբերի 30-ին` շանսոնյեի մահվան տարելիցին, գաղափարը հենց այդ ժամանակ էլ ծնվել էր: Ասում է` նրա մահից հետո դատարկություն էր զգում եւ մտածում էր, թե ինչպես Ազնավուրին յուրատեսակ ներկայացնի:

«Սկսելով իր գրքերից, իր մասին հոդվածներից, իմանալով իր երաժշտությունը` սկսեցի բեմականացման տարբերակներ անել, մի երեք-չորս տարբերակից հետո, որոշվեց հենց այս տարբերակը: Նարինե Գրիգորյանն էլ որպես բեմադրիչ միացավ մեզ, բայց բեմականացման հեղինակն ու բեմադրիչը ես եմ… Կարծում եմ` պատերազմից հետո այս ներկայացումը շատ արդիական է, որովհետեւ միշտ պետք է լավագույն օրինակ բերենք մեր երեխաներին, օտարածին կերպարներից խուսափենք եւ մեր միջի վատ տեսակը բեմ չհանենք»,-հավելեց Ալլա Սահակյանը:

«Մենք երեք արտիստներով խաղում ենք ամեն ինչ: Ինչ մարդիկ, որ հանդիպել են Ազնավուրի կյանքում, բոլորս հերթափոխով խաղում ենք նրանց, կենդանի երգում ենք, պարում…Ցույց ենք տալիս այն ճանապարհը, որն ինքը անցել է: Բոլորս խաղում ենք տարբեր կերպարներ` իմպրեսարիո, հովանավոր, բոլորին, ովքեր հանդիպել են Ազնավուրին»,-նշեց Ալլա Սահակյանը:

Ինչ վերաբերվում է կենդանի նվագակցությանը, Ալլա Սահակյանն այս մասին էլ նշեց. «Ամբողջը Գարի Քյոսայանն է մշակել, երաժշտությունը, երաժշտական իլյուստրացիան անմիջապես հնչում է բեմում, ոչ մի ձայնագրություն չունենք: Այս համատեքստում Գարին դառնում է ներկայացման մեջ 4-րդ անձը, ջազ-քառյակն էլ միանում է նրան: Ներկայացման պարերն էլ բեմադրել է Ինեսա Արզաքանցյանը»:

Ալլա Սահակյանը հայտնեց, որ ներկայացումը մարտի 9-ին կխաղան նաեւ Էջմիածնի մշակույթի տանը, հետագայում կփորձեն այն հասանելի դարձնել այլ լսարանների եւս:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Ալլա Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031