Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անժելա Էլիբեգովա. «10 հազար էջ նյութ էր հավաքված, ու մեզ դրանից հիմա զրկել են»

Մարտ 04,2021 15:32

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ այսօր այդ ամենը կվերջանա եւ մենք վերջապես կկարողանանք շունչ քաշել ու սպասել, թե երբ մեզ կվերադարձնեն մեր տեխնիկան: Հույս ունեմ, որ կվերադարձնեն, որովհետեւ պարալիզացված է մեր ամբողջ աշխատանքը: Ես այստեղ տեսնում եմ միտում՝ մեր աշխատանքը խոչընդոտելու»,- այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Դատարանն այսօր քննում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ պաշտպանների դիմումը: Հիշեցնենք, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ, կրիչներ եւ համակարգիչներ: Ապա նրանց բերման էին ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել էին, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ հայտնի «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով։ Այս գործով դատարանը նաեւ քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Երկու ամսով կալանավորվեց նաեւ Արա Սաղաթելյանը: Իսկ Մհեր Ավագյանի ձերբակալման որոշումը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ եւ մերժեց ԱԱԾ քննիչի ներկայացրած կալանավորելու մասին միջնորդությունը: Դատարանի բակում հավաքված են Արա Սաղաթելյանի ընկերները եւ հարազատները:

Անժելա Էլիբեգովան տեղեկացրեց, որ առգրավված համակարգչում եւ կրիչում պատերազմի շրջանում հավաքած իրենց ողջ արխիվն էր, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, ադրբեջանական քարոզչության եւ ապատեղեկատվության մասին: «Այդ ամենը պատրաստվում էինք հանրայնացնել, դրա վրա աշխատել, գիտական տարբեր ասպարեզներում ներկայացնել: 10 հազար էջ նյութ էր հավաքված, ու մեզ դրանից հիմա զրկել են: Եթե նույնիսկ կորի, չվերադարձնեն, կարելի է այդ ամենը նորից հավաքել, ուղղակի մի փոքր կբարդացնի իմ կյանքը»,- ասաց նա`հավելելով, որ հակաադրբեջանական քարոզչության հետ առնչվող անձինք են թիրախավորվում, հավանաբար այն պատճառով, որ «խանգարում ենք իրենց նոր որակի բարեկամական հարաբերություններ հաստատելուն, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եղբայրության նոր փուլ մտնելուն հանրությանը հասցնելով թե ինչ ռիսկեր, սպառնալիքներ կարող են լինել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը՝ 16։00-ին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031