Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրենքի խախտման 9 դեպք է հայտնաբերել պաշտոնատար անձանց կողմից ստացված 36 հավատարմագրային կառավարման պայմանագրերի ուսումնասիրության արդյունքում

Մարտ 04,2021 15:20

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն։

Հանձնաժողովը մասնավորապես՝

-ուսումնասիրել է առևտրային կազմակերպություններում անձի մասնակցությունը, ինչպես նաև տվյալ կազմակերպության կառավարման մարմիններում հնարավոր ներկայացվածությունը,

-պաշտոնատար անձանցից պահանջել է մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագրերը,

-ստուգել է նշված պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունն այլ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում,

– ստուգել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ՝ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը,

-ուսումնասիրել է Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերի այն դրույթները, որոնք վերաբերում են պայմանագրի գործողության ժամկետին և պայմանագրով  սահմանված պաշտոնատար անձի և հավատարմագրային կառավարիչների լիազորությունների շրջանակներին։

Ստուգման արդյունքները

Հանձնաժողովն առանձնացրել է 116 առևտրային կազմակերպություն, որոնցում պաշտոնատար անձինք հայտարարագրել են մասնակցություն,

այս ցանկի վերլուծության արդյունքում դուրս է բերել թվով 36 կազմակերպություն և դրանց առնչությամբ պահանջել է ներկայացնել բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագրերը,

պաշտոնատար անձանց կողմից ստացված 36 հավատարմագրային կառավարման պայմանագրերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։ Մասնավորապես՝ թվով 8 պայմանագիր կնքվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, 1  պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է և չի երկարաձգվել,

հայտնաբերել է 3 դեպք, երբ պաշտոնատար անձն ունի ներկայացվածություն կազմակերպության կառավարման մարմնում։

Հայտնաբերված առերևույթ խախտումների առնչությամբ Հանձնաժողովը կհարուցի վարույթներ։

Ստուգումների հաջորդ փուլերում Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել պետական գնումների գործընթացին վերոնշյալ առևտրային կազմակերպությունների մասնակցության, ինչպես նաև պաշտոնատար անձանց և վերջիններիս կողմից նշանակված հավատարմագրային կառավարիչների փոխկապակցվածության ստուգում։

Հանձնաժողովը հետևողական է անհամատեղելիության պահանջների պահպանումը վերահսկելու գործընթացում և հորդորում է հանրային ծառայողներին խստորեն պահպանել Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի դրույթները, իսկ հարցերի և պարզաբանումների համար դիմել Հանձնաժողով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031