Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ահազանգում է, որ հակառակորդն ակտիվորեն ամբողջ սահմանի երկայնքով ինժեներական աշխատանքներ է կատարում: «Նաեւ անում են որոշակի գործողություններ, որոնցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն»,- այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք, դատարանը քննում է ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Դատարանի բակում հավաքվել են Սաղաթելյանի մտերիմներն ու աջակիցները։
«Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղություններով են աշխատում. սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝ կրակոցների, ինժեներական աշխատանքների տեսքով, առաջ են գալիս, հետ են գնում, կրակում են անընդհատ: Միաժամանակ օգտագործելով այլ երկրների հիմնարկներ, մոտենում են բնակիչներին եւ գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումար: Իսկ մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է»,-ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ