Վատ կառավարմանը խանգարում է սահմանադրությունը թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց. «Որ ՀՀ սահմանադրության տեքստերը երբեք չեն եղել լավը, ես այդ կարծիքը վաղուց ունեմ եւ չեմ փոխում: Սակայն դա չի նշանակում, որ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի միջոցով, պետք է անցկացվեն: Պարզ է, որ մեր մոտ ոչ մի համակարգ չի կարող ամրապնդվել, եթե այն փոխվելու է ամեն հինգ տարի, լինի դա կիսանախագահական, նախագահական, թե խորհրդարանական: Ամեն դեպքում ես այն կարծիքի եմ, որ մեզ պետք է շատ կոմպակտ կառավարման համակարգ, քանի որ փոքր, բավականին միատարր երկիր ենք, եւ կոմպակտ կառավարման համակարգը ավելի արդյունավետ է, մանավանդ, որ մենք գտնվում ենք մշտական մարտահրավերների առջեւ եւ կարիք ունենք արագ բարեփոխումների: Իսկ արագ բարեփոխումները կարող են իրականացվել միայն կոմպակտ կառավարման համակարգերում:
Կոմպակտ կառավարման համակարգ ասելով ես նկատի ունեմ այն ինստիտուտները, որոնց միջոցով իրականացվում է կառավարումը եւ նվազագույնն է իշխանությունների տարանջատումը ապահովելու պայմաններում:
Մեզ մոտ սահմանադրական բոլոր փոփոխությունները բերում էին ինստիտուտների շատացմանը: Հաշվի առնելով, որ այդ ինստիտուտները չէին հասցնում կայանալ, որովհետեւ արագ փոփոխությունները եւ դրանց հարմարեցումը երկրի ղեկավարներին, բացի շատ լինելուց, նաեւ արդյունավետ չէին: Իհարկե, դա չի նշանակում, թե ես մերժում եմ, որ խորհրդարանական համակարգը ընդհանրապես ժողովրդավարության տեսակետից լավագույնն է: Բայց մինչեւ ժողովրդավարական համակարգ հասնելը, երկրում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք բավարար հող կստեղծեն խորհրդարանական համակարգի համար:
Իմ ասածը չի նշանակում, որ հիմա խորհրդարանականից պետք է անցնել որեւէ այլ համակարգի, որովհետեւ, կրկնում եմ, արագ փոփոխությունները համակարգերին հնարավորություն չեն տալիս երկրի կառավարումը արդյունավետ դարձնել: Եվ եթե այնպես է ստացվել, որ մեր բախտը դասավորվել է այնպես, որ 2015 թվականից ունենք խորհրդարանական կառավարման համակարգ, պետք է փորձել դա հնարավորինս արդյունավետ դարձնել եւ ոչ թե կրկին վերադառնալ կիսանախագահականի:
Կարդացեք նաև
Ու եւս մի կարեւոր հանգամանք. արդյո՞ք մեր հասարակությունը եւ պետական կառույցները պատրաստ են հանրաքվե անցկացնելուն: Դա նույն հարցն է, ինչ կարելի է տալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Իմ պատասխանն է՝ ոչ: Այսօր չենք կարող ունենալ ոչ օրինական եւ արդար ընտրություններ, ոչ էլ օրինական եւ արդար հանրաքվե: Դրա համար անհրաժեշտ է երկրում քաղաքական իրավիճակի գոնե որոշ չափով կայունացում: Այն, ինչը չունենք: Եվ քիչ հավանական է, որ եթե չլինեն կտրուկ փոփոխություններ կառավարությունում, ապա նաեւ չենք էլ ունենա մինչեւ հերթական ընտրություններ կամ հանրաքվե անցկացնելը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ