Այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով հարցին՝ չե՞ք կարծում, որ քաղաքական ղեկավարության սոցիալական անպատասխանատվության արդյունքում է, որ այսօր ունենք կորոնավիրուսի թվերի աճ, իսկ իշխանության հանրահավաքներին դուք էլ եք մասնակցել, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Այո, ես էլ եմ մասնակցել հանրահավաքին, միշտ եղել եմ դիմակով եւ հորդորում եմ բոլորին միշտ լինել դիմակով»:
Նախարարն ասաց, որ իր հորդորն ուղղված է բոլորին, երբ նրանից հետաքրքրվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին խորհուրդ տվե՞լ էր, որ հանրահավաքին ներկայանան դիմակով:
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ եթե կրենք դիմակ, չենք անցնի խիստ միջոցների. «Չհասնենք, նրան, որ ոստիկանը կամ այլ վերահսկող մարմին նկատողություն, տուգանք կիրառի, բայց, եթե քաղաքացին օրենքով սահմանված պահանջը չկատարի, ապա պետք է կիրառվի նաեւ տուգանք»:
Հարցին, թե կառավարությունը Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսի համար է ներկրելու պատվաստանյութ, նախարարն ասաց, որ ռիսկային խմբերն արդեն սահմանվել են. «Մեր գնահատմամբ այդ խմբերում ընդգրկված անձանց պատվաստման ծրագիրը պետք է ծածկի բնակչության թվի 10-ից 15 տոկոսը, սակայն կախված պատվաստանյութի գնից եւ մեր հնարավորություններից պետք է ամեն ինչ անենք, որ այս թիվն ընդլայնվի, նախատեսում ենք մինչեւ տարվա վերջ իրականացնել»:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ ռուսական «Sputnik V» պատվաստանյութից բացի, նաեւ «AstraZeneca» պատվաստանյութն է ձեռք բերվելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ