Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե Քննչական կոմիտեն 2018-ին թույլատրելի է համարել «սեւ լենտեր» փակցնելը, դագաղներ տանելը ՀՀԿ պատգամավորների մոտ, Վազգեն Մանուկյանի հայտարարությունները տասնապատիկ նվազ են. Արամ Վարդեւանյան

Մարտ 04,2021 14:09

«Պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,- ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպան Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ծանուցագիր էր ստացել: Ըստ այդմ, նա իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Վազգեն Մանուկյանն այս գործում ներգրավվել է որպես մեղադրյալ։ Իշխանություն յուրացնելու կոչերը, ըստ ծանուցագրի, Վազգեն Մանուկյանն արել է փետրվարի 20-ի հանրահավաքում:

Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն`հանրապետությունից չբացակայելու վերաբերյալ: Արամ Վարդեւանյանն ասաց, որ իրենք բոլոր հնարավոր դատավարական գործիքներով արձագանքելու են եւ այս որոշումը բողոքարկելու են: «Խոսքը ՀՀ առաջին վարչապետի մասին է, որն իր կյանքի ընթացքում իրեն դրսեւորել է եւ նույնիսկ տեսական ռիսկ (քննությունից խուսափելու-Ն. Գ.) լինել չի կարող»,- գտնում է պաշտպանը:

Վազգեն Մանուկյանը ցուցմունք չի տվել: Արամ Վարդեւանյանը քաղաքական հետապնդման պայմաններում ցուցմունք տալն անիմաստ է համարում, քանի որ պատվերը տրվել է`այն պետք է իրացվի`անկախ նրանից, թե ինչ ցուցմունք է տրվում:

Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, Վազգեն Մանուկյանի մի քանի քաղաքական հայտարարությունները ՀՀ քննչական կոմիտեն դիտարկել է իբրեւ քրեական օրենսգրքի գործ, որը ինքը պատվեր է համարում: Հայտարարություններից մեկն էլ վերաբերվում է նրան, որ «Հայրենիքի փրկության շարժումն» ունի «պլան Ա» եւ «պլան Բ»: «Պարզ էլ չէ՞, որ եթե «պլան Բ»-ին ուղղված կոչ լիներ, ապա «պլան Բ»-ի իրացումը կտեսնեինք»,- ասաց Արամ Վարդեւանյանը:

Երկրորդ հիմքն այն է, որ հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանն «Իմ քայլի» պատգամավորներին ուղղված մի քանի կոչեր է հնչեցրել: Խոսքն այն մասին է, իշխող խմբակցության պատգամավորները պետք է հանրային պարսավանքի արժանանան: Արամ Վարդեւանյանն ասում է. «Դա պետք է դիտարկվի 2018-ի իրադարձությունների հետ ուղակի կապի մեջ. եթե մեր Քննչական կոմիտեն թույլատրելի է համարել «սեւ լենտեր» փակցնելը, դագաղներ տանելը ՀՀԿ պատգամավորների մոտ, ապա տվյալ դեպքում, Վազգեն Մանուկյանի հայտարարությունը դրանից տասնապատիկ անգամ նվազ է, որովհետեւ խոսքը գնում է հանրային պարսավանքի մասին: Այո, հանրային պարսավանքի պետք է արժանանան այն քաղաքական գործիչները, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի հետ: Դա, կարծում եմ, բխում է նաեւ մեր հանրության իմունային համակարգից: Չի կարող լինել այնպես, որ այդ անձինք մի հատ էլ գովաբանման ենթակա լինեն»:

Արամ Վարդեւանյանն աբսուրդ է համարում նման քաղաքական հայտարարությունների ֆոնին խոսել քրեական օրենսգրքի հետ առնչության մասին. «Մեղադրանքի էությունն, առհասարակ, պարզ չէ եւ պարզ չէ դրանց առնչությունը Քրեական օրենսգրքի հետ»:

Ինչ վերաբերվում էշենքեր-շինություններ գրավելու հայտարարություններին, ըստ Արամ Վարդեւանյանի, դարձյալ քրեական գործի համար, ցանկացած կոչ պետք է լինի իրական, պետք է հետեւանք ունենա. «Եթե հետևանքը չի եղել, ապա դրանով էլ հարցը սպառված է: Այսինքն, գործ ունենք քաղաքական գործընթացի հետ, միջամտելու վճռական ցանկության հետ: Հրապարակային կոչերը պետք է վերաբերվեն կոնկրետ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը տապալելուն, կոչը պետք է լինի հասցեական, թիրախավորված եւ իր մեջ ունենա իրական բնույթ»:

Արամ Վարդեւանյանը վստահ է, որ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու, կալանավորելու ցանկություն իշխանությունն ունի, պարզապես պետք է որոշակի հիմքեր ստեղծեն. «Քրեական գործ հարուցելը շատ հեշտ է, բայց խափանման միջոցի պարագայում դժվարություններ կան»: Նա այս քրեական գործը հերթական փորձն է համարում`մարդկանց ճնշելու, վախեցնելու եւ սաստելու, բայց միաժամանակ գտնում է, որ վերջին ամիսների զարգացումները պետք է ապացույց չինեին իշխանության համար, որ չի ստացվելու, ուստի`«սա պրիմիտիվության շրջանակներում է»:

Արամ Վարդեւանյանը նաեւ հորդորում է Վազգեն Մանուկյանի ցանկացած հայտարարությունը համադրել Նիկոլ Փաշինյանի`իր ժամանակին Հանրապետության հրապարակում արած այն հայտարարության հետ, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա: Նա նկատում է, որ այդ հայտարարության մասով ՀՀ քրեական օրենսգրքի 301 կամ 300 ( իշխանության յուրացում, զավթում) հոդվածներով քրեական գործեր հարուցված չեն, չնայած այդ հայտարարությունը միանգամայն տեղավորվում է վերոնշյալ հոդվածներում: Ցանկացած երկակի ստանդարտի կիրառումը, ըստ պաշտպանի, ուղիղ խոսում է քաղաքական հետապնդման մասին:

Ինչ վերաբերվում է նույն 2018- ին Ռադիոտան գրավման հետ զուգահեռներին, Արամ Վարդեւանյանն ասում է, որ չկա նույնիսկ մեկ անձ, ով ոչ միայն 301 հոդվածով, այլ զանգվածային անկարգությունների հոդվածով գոնե մեկ ամիս կալանավորված լինի, այդ գործով միակ կալանավորված անձը տասն օր հետո ազատության մեջ է եղել: Մինչդեռ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտից վրդովված եւ ինքնաբուխ կառավարության շենք մուտք գործելու համար մինչ օրս կան ամիսներով կալանավորված անձինք:

Պաշտպանական կողմին, ի դեպ, գործի նյութերը դեռ չեն տրամադրվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031