«Այն անձը, որի մասին դուք 3 օր խոսում եք, նրա թեկնածությանը եւ նրա՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուն մենք ի սկզբանե դեմ էինք՝ այն ժամանակ, երբ դուք կողմ էիք։ Եվ դուք մեր վրա էինք հարձակվում։ Իհարկե, դուք չեք անմիջապես նրան ընտրել, այլ կազմակերպել եք այդ ընտրությունը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Իմ քայլին»՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր էլ իշխանական պատգամավորները ելույթների տեսքով քննադատեցին բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, նրա նոյեմբերի 15-ի կոչը որակեցին քաղաքական հայտարարություն։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ԱԺ ամբիոնից պնդել էր, որ իր հայտարարությունը քաղաքական չէր, եւ ինքը զերծ է որեւէ ազդեցությունից։
Տարոն Սիմոնյանը նշեց․ «Դուք հարձակվում էինք մեր վրա եւ ասում, թե ձեր ընտրությունը լավագույնն է, մենք ճիշտ ենք․․․հիմա քանի որ այդ անձը չի սպասարկում ձեր շահերը, հարձակվել եք նրա վրա եւ ասում եք, որ դուք ճիշտ եք, ինքը՝ սխալ։ Դուք անընդհատ փոխում եք ձեր ճշմարտության հենքը։ Գուցե դո՞ւք եք սխալ»։
Տարոն Սիմոնյանի խոսքով՝ փոխանակ «Իմ քայլը» ԲԴԽ նախագահի դեմ ԲԴԽ անդամներից երեքի միջոցով կարգապահական վարույթ ձեռնարկի՝ յոթ ժամ ծախսում է այս ամբիոնից նրան անվանարկելու վրա։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ